Ճանապարհորդի գրառումները. Եգիպտոսի Գունավոր կիրճը

22:44   22 հունիսի, 2013

Գունավոր կիրճը կազմավորվել է միլիոնավոր տարիներ առաջ: Այն ժամանակ հզոր երկրաշարժի արդյունքում երկրակեղեւի խոշոր ճեղքվածք առաջացավ եւ մարդու աչքի առջեւ կարմիր ավազից հսկայական կիրճ բացվեց: Անապատային քամիները նույնպես իրենց գործն արեցին՝ ավազների վրա անկրկնելի նախշազարդեր ձեւավորելով: Կարելի է դրանց անվերջ նայել եւ յուրաքանչյուր րոպե տեսնել նոր պատկերներ ու նկարներ: Գունավոր կիրճը բնության իսկական գլուխգործոց է:

Ինչո՞ւ «Գունավոր»: Որովհետեւ միայն այստեղ ամենատարբեր գուներանգներով ավազե ժայռեր տեսնելու բացառիկ հնարավորություն ունեք: Դրանք ե՛ւ սպիտակ են, ե՛ւ դեղին, ե՛ւ վառ կարմիր, ե՛ւ նույնիսկ մանուշակագույն՝ նուրբ, վառ եւ շողշողուն երանգներով:  

Գունավոր կիրճը տեղակայված է Սինայի լեռներում, Եգիպտոսի հեղինակավոր Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրից 150 կմ հեռավորությամբ՝ Սաուդյան Արաբիային շատ մոտ: Այս գեղեցիկ վայր այցելելու հնարավորությունից քչերն են հրաժարվում, քանի որ այցը շատ հետաքրքիր ու ճանաչողական է, իսկ գնային առումով՝ բավական մատչելի. մեծահասակի համար տոմսն արժե 45-50 դոլար:

Մինչեւ կիրճ սովորաբար փոխադրում են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներով, ռուսախոս էքսկուրսավարի ուղեկցությամբ: Վերադարձի ճանապարհին կանգառ չի լինում, եւ մինչեւ Շարմ-էլ-Շեյխ հասնում եք մեկ ժամում: Էքստրիմի սիրահարներին վարորդները զվարճացնում են մեծ արագությամբ ընթացքի ժամանակ տարբեր հնարքներով:

Էքսկուրսիան սկսվում է վաղ առավոտյան (ժամը 6-ին կամ 7-ին) եւ տեւում է 6-16 ժամ՝ կախված ծրագրից, որն ինքներդ եք ընտրում:

Գունավոր կիրճի ճանապարհին զբոսաշրջիկների առջեւ բացվում է անապատային տեղանքի համար անսպասելի տեսարան. մերկ քարերի եւ չոր ավազի միջից վեր է հառնում իսկական օազիս: Ինչպես հեքիաթում: Այստեղ բոլորն են կանգնում՝ ավազի մեջ աճող արմավենիների ներքո թափառելու:

«Օազիսը» ստեղծել են տեղի բնակիչները, ովքեր առաջարկում են ձեռք բերել արտասովոր քարից տարբեր հուշանվերներ, որոնք տնային հարմարավետ պայմաններում կհիշեցնեն պատմական Եգիպտոս կատարած անմոռանալի ուղեւորության, տեղի արտասովոր կոլորիտի մասին:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE