«Այնուամենայնիվ, ես խոցելի եմ». Էվա Խաչատրյան՝ կատակերգությունից ու դրամայից, մինչեւ սարսափ ու զոմբիներ

14:25   4 ապրիլի, 2019

Էվա Խաչատրյանն այն դերասանուհիներից է, որին հետուստադիտողը տեսել է տարբեր ժանրերում եւ ձեւաչափերում՝ դրամա, կատակերգություն, սիթքոմ, սերիալ, գեղարվեստական ֆիլմ, թատրոն... իսկ այսօր «Արմենիա» TV-ի հեռուստադիտողը Էվային հնարավորություն ունի հետեւելու «Մահվան ջոկատը» սարսափ ժանրի հեռուստասերիալում: Այս ֆիլմաշարը պատմում է փորձարկումների լաբորատորիայում հայտնված հատուկ ջոկատի անդամների մասին, որոնք ստիպված են լինում բախվել զոմբիների հետ: Գոյատեւելու համար նրանց անհրաժեշտ է կամ փորձել բացել դուռը կամ էլ սպանել զոմբիներին: Այո, այո, այս ամենը՝ հայկական սերիալում:

NEWS.am STYLE-ը, սակայն, Էվայի հետ զրուցել է ոչ միայն սերիալի, այլեւ շատ ու շատ այլ թեմաների շուրջ:

Էվա, որքանով, որ հասցրել եմ նկատել, հիմնակնում թե ֆիլմերում, թե սերիալներում ճակագրական, ուժեղ կանանց ես մարմնավորում. ին՞չ ես կարծում՝ ինչո՞ւ են ռեժիսորները քո մեջ այդ հերոսուհիներին տեսնում: Քեզ ճանաչելու արդյունքո՞ւմ է այդպես ստացվում, թե՞ արտաքինից հենց այդպիսին ես:

Թե´ թատրոնում, թե´ ֆիլմերում, թե´ սերիալներում մարմնավորածս կերպարները շատ տարբեր են: Երկար տարիներ եմ աշխատում հեռուստատեսության ոլորտում ու, բարեբախտաբար, միշտ հետաքրքիր կերպարների եմ մարմնավորել: Կարծում եմ՝ դերասանի մեկնաբանությունից է գալիս՝ ինչպիսին ես դու դերդ տեսնում եւ զգում. դրան ձուլվում է սցենարը եւ ստացվում է վերջնական արդյունքը: Թե ինչպես է ընտրությունը կատարվում, ես չգիտեմ: Հավանաբար որոշ ռեժիսորներ ճանաչում են քո դերասանական տեսակը, որոշները վստահ են, որ հենց քո տեսակն է պետք, ոմանք էլ թողնում են, որ դու եւ սցենարիստը գտնեք տվյալ կերպարին: Ամեն դեպքում, դրանք հիմնականում ստացված կերպարներ են՝ հիշվող ու տարբերվող (ժպտում է): Մի կարեւոր բան եւս՝ իմ մարմնավորած կերպարներում հիմնականում կա ուժեղ կամքի դրսեւորում, ինչը որ ես ունեմ որպես մարդ, եւ այժմ միայն այդ կետն է, որը կապում է ինձ իմ կերպարներին:

Որքան էլ կինը ուժեղ եւ անկախ իրեն ցույց տա, միեւնույն է՝ ունի շատ ու շատ թույլ կողմեր: Որո՞նք են քո թույլ կողմերը:

Երեւի այն, որ ես մարդասեր եմ, չարանալ եւ քեն պահել չգիտեմ, ինչը շատ հաճախ՝ որպես թուլություն է դիտվում: Իսկ իրականում ներելն ու բարի լինելը ուժ է: Այնուամենայնիվ, ես խոցելի եմ: Ինձ շատ փոքր մասնագիտական խնդիրը կարող է քայքայել, բայց միեւնույն է՝ դա հաղթահարում եմ հենց կամքի ուժի օգնությամբ:

Էվա, երբ համացանցում քո մասին որեւէ բամբասանք, քննադատություն կամ վատ մեկնաբանություն ես տեսնում, դա քեզ թեւաթա՞փ է անում, թե՞ հակառակը՝ ավելի մեծ ձգտում ներշնչում:

Կստեմ, եթե ասեմ, որ անտարբեր եմ մնում: Իհարկե, դա ազդեցություն թողնում է, բայց գիտակցում եմ, որ համացանցում այնքան շատ են ինքնասիրահարված, անգրագետ, չարացած ու լսելու կարիք ունեցող մարդիկ, որոնք երբեք լավ բան չեն գրում ու չեն տեսնում, չեն արտահայտվում: Նրանց նպատակն է՝ հնարավորինս վատ արտահայտվել այս կամ այն մարդու հասցեին՝ չգիտակցելով, որ նման մտքերն ու վարքագիծն աղտոտում է հենց իրենց միտքն ու հոգին:

Ինչպիսի՞ն է Էվան թատրոնի բեմում, ինչպիսի՞ն՝ ֆիլմերում: Ներքինդ կախված բեմից փոխվո՞ւմ է:

Կարծում եմ՝ այս հարցին ավելի անկեղծ ու ճշմարիտ կպատասխանի հանդիսատեսը: Ես ինձ երկու տեղում էլ երջանիկ եմ զգում եւ սիրված: Դա է ինձ համար ամենակարեւորը:

Շատ պատանիներ եւ երեխաներ, դիտելով որեւէ ֆիլմ կամ սերիալ, ցանկանում են նմանվել այս կամ այն դերասանին/դերասանուհուն: Երբ փոքր էիր, կա՞ր այդպիսի դերասանուհի, որին երազում էիր նմանվել:

Գուցե եղել է, բայց չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ Tomb Raider խաղն էի խաղում: Շատ էի սիրում համակարգչային իմ հերոսին: Ավելի ուշ տեսա նաեւ ֆիլմը՝ Անջելինա Ջոլիի գլխավոր դերակատարմամբ: Տպավորություններս արդեն սառն էին, չնայած՝ հիմա գիտակցում եմ, որ դա հրաշալի դերակատարում էր:

Ինչպիսի՞ն էիր կարիերայիդ սկզբում, ինչպիսի՞ն ես հիմա: Ինքնավստահությունդ ավելացե՞լ է:

Փառք Աստծո՝ միշտ ինքնավստահ եմ եղել, ոչինչ չի փոխվել, պարզապես մի քիչ մեծացել եմ, որոշ հարցերի այլ կերպ եմ արձագանքում, բայց սիրտս ու հոգիս նույնն են: Երբեմն կարող եմ նույն սխալն անել, ինչն արել եմ 9 տարի առաջ (ծիծաղում է):

Կա՞ն այնպիսի դերասանական հատկանիշներ, որոնք դեռեւս չես հասցրել ցուցադրել, եւ որոնց համար կոնկրետ ուղղվածությամբ նախագիծ է պետք:

Դերասանը միշտ պիտի ունենա ցուցադրելու նոր բան, դա հավերժական աշխատանք է: Եթե հասնես մի կետի, երբ համարես, որ ամեն բան արել ես, ուրեմն՝ ամեն բան վերջացած է: Անդադար աշխատանք, փնտրտուք, սեր դեպի քո աշխատանքը, լսել, կարդալ… դրանց գումարվում են տարիները ու ամեն բան ապրում է քեզ հետ միասին:

Հաճախ դերասանուհիները ցանկություն են ունենում իրենց կյանքի մասին գիրք գրել: Եթե նման բան որոշես, կյանքիդ ո՞ր դրվագները հատկապես կցանկանայիր պատմել հանդիսատեսին:

Եթե նման որոշում ունենամ, կարծում եմ՝ շատ հետաքրքիր գիրք կստացվի, իսկ ամեն բան կսկսվի մանկությունից ու կգա մեր օրեր: Ես իմ կյանքը սիրում եմ, եւ այն բավական տպավորիչ է եղել մինչ օրս՝ իր բոլոր վայրիվերումներով, խենթություններով եւ գույներով:

Այսօր ի՞նչ նոր առաջարկներ ունես:

Այս պահին հնարավորության սահմաններում փորձում եմ հանգատանալ, քանի որ վերջին 4 ամիսների ընթացքում «Մահվան ջոկատը» հեռուստասերիալի շրջանակներում ողջ թիմի հետ միասին աշխատել ենք գիշերվա ընթացքում՝ բավականին դժվար պայմաններում: Հիմա ինձ, իսկապես, հանգիստ է պետք վերականգնվելու համար:

Արդեն մի քանի անգամ հայ ռեժիսորները սարսափ ժանրի հեռուստասերիալներ են թողարկում: Աշխատելով «Մահվան ջոկատ»-ում՝ ի՞նչ ես կարծում մեր պայմաններում ստացվո՞ւմ է ստանալ լավ ֆիլմ՝ սարսափ կամ միստիկ ժանրում:

Մեր պայմանները լրիվ բավարար են նմանատիպ ֆիլմեր ստեղծելու համար, պարզապես պետք է ունենալ մեծ թիմ՝ աշխատասեր ու տաղանդավոր մարդկանցով համալրված՝ դերասաններից ու ռեժիսորից սկսած, մինչեւ մոնտաժող: Իհարկե, պետք են նաեւ ռեսուրսներ, ու ամեն բան հրաշալի կլինի:

Խոսեցիր դժվարությունների մասին. որո՞նք են եղել դրանք:

Ցուրտը, անհարմարությունը: Մենք աշխատում էինք ամբողջ գիշեր, լուսաբացին նոր ավարտում նկարահանումները: Այդ ամենի հետ մեկտեղ նաեւ սիրով ու անձնվեր աշխատեցինք ու ավարտին հասցրինք նախագիծը:

Էվա, նախորդ տարի հեռուստադիտողը գնահատեց նաեւ քո խաղը «Սուպեր մամակատակերգությունում: Այլ ֆիլմերում քեզ առաջիկայում կտեսնե՞նք:

Դեռ առաջարկ չկա, բայց հուսանք… Ամեն բան առջեւում է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էվա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE