Նատալիա Օրեյրոն բարձր տրամադրությամբ ժամանեց Երեւան (ֆոտո, վիդեո)

07:30   5 ապրիլի, 2019

90-ականների ամենահայտնի հեռուստասերիալներից մեկի` «Վայրի հրեշտակի» աստղ Նատալիա Օրեյրոն լուսադեմին ժամանեց «Զվարթնոց» օդանավակայան:

Չնայած վաղ ժամին եւ հոգնեցուցիչ թռիչքին` ուրուգվայցի երգչուհին ինչպես միշտ կենսուրախ էր:

«Ողջույն, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ դիմավորելու: Ընդամենը ժամեր առաջ եմ ավարտել իմ վերջին համերգը: Առաջին անգամ եմ այստեղ ու շատ մեծ սպասումներ ունեմ համերգից:

Հայաստանին ծանոթ եմ, Արգենտինայում հայկական մեծ համայնք կա: Հանդիսատեսին հրաշալի շոու է սպասվում: Ի դեպ, տեւական ժամանակ է` շրջագայությանս պատճառով չեմ տեսել ընտանիքիս` ամուսնուս եւ տղայիս: Ուրախ եմ, որ Հայաստանում կմիավորվենք»,-նշեց երգչուհին:

Նատալիա Օրեյրոն Երեւանում է «Անմոռանալի» շրջագայության շրջանակում: Երգչուհու համերգը կկայանա ապրիլի 7-ին`Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Օրեյրոն համերգի ընթացքում կներկայացնի իր ամենահայտնի ստեղծագործությունները, այդ թվում` Cambio Dolor-ը, որը հենց «Վայրի հրեշտակը» հեռուստասերիլի սաունդթրեքն է:

Սյունե Առաքելյան

Հայկ Տոնոյան



© NEWS.am STYLE