Ինչպես Սեյրանը ստիպեց Մարինային վախից արտասվել, իսկ հետո ամուսնության առաջարկություն արեց (ֆոտո)

16:25   5 ապրիլի, 2019

Հեռուստասերիալներից ու ֆիլմերից հայտնի դերասաններ Մարինա Մնացականյանն ու Սեյրան Մովսիսյանը նշանվել են: Դերասանը շատ յուրահատուկ կերպով է սիրելիին առաջարկություն արել, ինչը ստիպել է Մարինային արտասվել՝ թե վախից, թե երջանկությունից: Թե ինչի մասին է խոսքն ու ինչպես է տեղի ունեցել Մարինայի կյանքի այդ անմոռանալի պահը, դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

Այսպիսով, Մարինան տանն է եղել, երբ Սեյրանն անհանգատացած զանգահարել է ու սիրելիին անհապաղ կանչել աշխատավայր:

«Ինձ համար սա բացարձակ անակնկալ էր: Տանն էի, ժամը երեկոյան 10-ն էր: Սեյրանը զանգահարեց, ասաց, որ շտապ գնամ մեր աշխատավայր, քանի որ խնդիրներ են ծագել: Ու ես այդ պահին կռվի ձայներ եմ լսում ու շտապ դուրս գալիս տանից: Գնամ, տեսնեմ՝ մեր շատ լավ ընկերները միասին վիճում են՝ Սամվելը Դանիելյան, Սիրանուշը Լազյան…Միասին վիճում են ու այնքան բնական են խաղում, որ անհնար էր չհավատալը: Այդպես մոտ 30 րոպե ինձ էլ են խառնում այդ վեճի մեջ, Սեյրանն էլ բարկացած ինձ դուրս է հանում տարածքից՝ ասելով, որ էլ չենք գալու այստեղ, ինչի պատճառով այդ լարվածությունից սկսում եմ լաց լինել: Իսկ հետո շրջվեմ ու տեսնեմ, որ ծնկի է իջել…»,-այսօր արդեն ժպիտով ու էմոցիաներով հիշում է Մարինան՝ հավելելով, որ բնական է սպասում էր, որ մի օր հարաբերություններն անցնելու են ավելի լուրջ փուլ, սակայն այն, ինչ արել է Սեյրանը, մինչ օրս շոկային է թվում դերասանուհուն:

«Գիտե՞ք, չեմ կրող ասել, թե բացարձակ խոսակցություններ չենք ունեցել նշանադրության մասին, բայց այդ պահը շատ անսպասելի էր: Երբեք չէի կարող պատկերացնել, որ նման կերպ կլինի առաջարկությունը, որ կշեղվենք ավանդական գծից ու այս տեսակ նշանադրություն կլինի: Իրականում ես շատ երազկոտ եմ, միշտ պատկերացնում եմ, որ այս պահն այսպես պետք է լինի, սա այնպես պետք է լինի: Իհարկե, սպասում էի, որ Սեյրանը յուրահատուկ կերպով կանի իր առաջարկությունը, բայց որ այդ աստիճան… չէի սպասում: Սպասելիքներս ոչ թե արդարացան, այլ չէի սպասում առհասարակ, շոկային էր… Շնորհակալ եմ նրան»:

Զույգը չի պատրաստվում նշանադրության մեծ խնջույք կազմակերպել, ասում են՝ ընտանեկան փոքրիկ հավաքույթ կունենան.

«Մեր որոշումը մենք արդեն կայացրել ենք, Սեյրանը մատիս մատանի է դրել, ու ես պատասխանել եմ՝ «այո», ուղղակի, բնականաբար, մեր ծնողներն էլ այդ ամենի մասնակիցը կդառնան»:

Նշանադրությանը, բնականաբար, կհաջորդի ամուսնությունը, բայց թե երբ, դերասանուհին դեռեւս դժվարացավ նշել.

«Հաջորդ քայլը հարսանիքն է, որը շատ պատասխանատու արարողություն է: Դեռ հստակ օրը չենք որոշել, բայց մտածում ենք՝ մոտակա ամիսների ընթացքում մի հետաքրքիր բան կազմակերպել»:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Սեյրանին ու Մարինային՝ մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Մարինա Մնացականյանը



© NEWS.am STYLE