Ճանապարհորդի գրառումները. Եգիպտոսի Գունավոր կիրճը (մաս II)

19:35   23 հունիսի, 2013

Սինայի ամենահետաքրքիր վայրերից է Սուրբ Եկատերինայի վանքը, որ կառուցվել է մեր թվարկության առաջին հազարամյակում: Այնտեղ այցելությունը նույնպես, ձեր ցանկությամբ, կարող է ներառվել դեպի Գունավոր կիրճ էքսկուրսիայի մեջ: Վանքը տեղակայված է սարերի մեջ՝ դաշտավայրում, ավելի քան 1.500 մետր բարձրությամբ: Հեռավոր ժամանակներում այն քոչվորների արշավանքներից պաշտպանող ամրոց է ծառայել: Վանքի տարածքում այրվող թուփ է աճում, որի բոցերի միջից էլ Աստված առաջին անգամ երեւաց Մովսեսին (վանքի մոտակայքում է գտնվում հայտնի Մովսեսի լեռը): Այդ սուրբ թուփը փորձել են փոխադրել այլ վայրեր, սակայն այն աճում է միայն այստեղ՝ վանքի տարածքում:

Վանքում պահպանվել են այս վայրերում քրիստոնեության ծաղկման շրջանի առարկաներ, որոնք խորհրդանշում են այս կրոնը (ռուսական սրբանկարներ, զանգեր եւ եկեղեցական այլ իրեր): Դարեր շարունակ վանքը եղել է քրիստոնյաների ուխտագնացության վայր: Այսօր արդեն այս ավանդույթը վերականգնվում է:

Երբ մոտենում ես այն վայրին, որտեղից սկսվում է կիրճը, հայացքով արագորեն ընդգրկում ես այն եւ հայտնվում զգացողությունների թակարդում: Հավերժության հետ արտահայտիչ հանդիպումը, ավազաբլուրների լաբիրինթոսը ստիպում են զարմանալ ու երեւակայել: Մտորելու առիթ կա. ինչպե՞ս է քամին կարողացել նման բան ստեղծել: Զբոսաշրջիկներից շատերը համակարծիք են, որ կիրճը հազարամյակների ընթացքում ցամաքած գետի հուն է հիշեցնում:

Գունավոր կիրճի երկարությունը շուրջ 5 կմ է, բարձրությունը՝ 25-30 մետր, լայնությունը՝ 2-10 մետր: Կիրճում հանգիստ տեղաշարժվելու համար ցանկալի է ազատ հագուստ եւ սպորտային կոշիկներ հագնել:

Զբոսաշրջիկները չեն վախենում նույնիսկ մտնել ամենանեղ ճեղքերը, թեեւ առաջին տպավորությունն այնպիսին է, թե ոչ մի կերպ չես կարողանա ներս սողոսկել: Ժայռերն ամենից հետաքրքրասերներին հյուրընկալում են արկածներով եւ գաղտնիքներով լի իրենց խորհրդավոր աշխարհում:

Տեղ-տեղ կիրճում բուսականություն է հանդիպում: Պարզվում է՝ յուրատեսակ ծառեր են, որոնք բուժիչ ուժ ունեն: Դրանք մարդու օրգանիզմի վրա շատ ավելի ուժեղ են ազդում, քան «վիագրան»: Այդ պատճառով ավելի շատ գրավում են ուժեղ սեռի ներկայացուցիչներին:

Գունավոր կիրճի մասին բազմաթիվ առասպելներ կապված են Եգիպտոսի Կլեոպատրա թագուհու հետ: Այստեղ նույնիսկ նրա «հետքերն» ու «բազկաթոռը» կան, որտեղ նա սիրել է հանգստանալ: Դե, երբ հայտնվում ես նման հեքիաթային վայրում, կարելի է հավատալ նույնիսկ այդ առասպելին:

Ճշմարտանման է հնչում նաեւ ավազաբլուրների մեջ «զմռսված» դինոզավրի մասին պատմությունը: Դրա հաստատումը զբոսաշրջիկները տեսնում են սեփական աչքերով եւ շտապում լուսանկարվել այդ «քարե» ապացույցի հետ:

Կիրճն իր «աչքերն» ունի (եթե ուշադիր դիտես քարքարոտ նկարը, կարող ես տեսնել ժայռի վրա համաչափ տեղադրված աչքեր, ընդ որում՝ վառ արտահայտված կանաչ-երկնագույն բիբերով): Ասում են, եթե կարողանաս դրանց դիպչել, հաջողությունն ապահովված է: Պարզապես պետք է կարողանաս մագլցել ավելի քան 2 մետր բարձրությամբ ժայռը…

Գունավոր կիրճում ոտքով հետաքրքիր զբոսանքի ժամանակն աննկատ է թռչում: Տպավորությունները թույլ չեն տալիս հոգնություն զգալ: Զգացողությունը, որ եղել ես ոչ երկրային, կախարդանքով լի վայրում, երկար ժամանակ է պահպանվում, իսկ այդ ուղեւորության մասին հիշողությունները՝ ամբողջ կյանքում:



© NEWS.am STYLE