Մարիա Շարապովան հագուստի շարք կթողարկի

11:39   23 հունիսի, 2013

Ճանաչված թենիսիստուհի, 26-ամյա Մարիա Շարապովան ցանկանում է ընդլայնել իր Sugarpova ապրանքանիշը: Անսպասելիորեն Մարիան որոշել է ուժերը փորձել նորաձեւության բնագավառում:

Ըստ Fashion.ie-ի, Շարապովան խոստովանել է, որ երկար ժամանակ է՝ մտածում է իր ապրանքանիշը զարգացնելու մասին: Նա որոշել է սկսել կոսմետիկ միջոցներից, իսկ հետո անցնել նորաձեւ հագուստ ստեղծելուն: Մարիայի խոսքով, միշտ թուլություն է ունեցել նորաձեւության հանդեպ, եւ հիմա անհամբերությամբ ցանկանում է ուժերը փորձել դիզայնի ասպարեզում:

Նորաձեւության մեջ Մարիա Շարապովային ամենից շատ դուր է գալիս այն, որ այնտեղ որեւէ կանոն չկա: Միաժամանակ, այն ստիպում է անընդհատ տարբեր լինել:

Հիշեցնենք, որ ներկայում Մարիա Շարապովան տասնյակ խոշորագույն կազմակերպությունների հետ պայմանագրեր ունի (Canon, Nike եւ Speedminton, Honda, TAG Heuer եւ այլն): Վերջերս համաձայնություն է ձեռք բերվել նաեւ Wimbledon-ի կազմակերպիչների հետ: Վերջին մրցաշարի ժամանակ Մարիան դարձել է դրա պաշտոնական դեմքը:



© NEWS.am STYLE