Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան եւ այլ երգիչներ հանդես կգան Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին

10:43   9 ապրիլի, 2019

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի:

«Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն եւ այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Երգիչները կատարելու են ստեղծագործություններ ոչ միայն Ազնավուրի, այլեւ իրենց սեփական երկացանկից: Պարային կամ այլ բեմադրություն չի լինելու: Բեմում տիրելու է ազնավուրյան ինքնատիպ մթնոլորտ: Երեկոյի ընթացքում նախատեսվում են նաեւ այլ անակնկալներ:

Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը եւ Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ եւ կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: Ազնավուրը եղել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, ինչպես նաեւ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Բազմիցս ելույթներով հանդես է եկել հայրենիքում, ծավալել հայանպաստ գործունեություն:



© NEWS.am STYLE