«գաՌուն ա, գառ կեր». սեզոնային նոր թրենդ երեւանյան ռեստորաններում

13:25   10 ապրիլի, 2019

Գարուն ա, գառ կեր, քանի որ գառը գարնան ընկերն է: Հենց այս մտքից դրդված էլ MBG Hospitality ընկերությունը սկսել է մի նախաձեռնություն, որի նպատակը գառան միսը թրենդային դարձնելն ու դրա դերը հայկական խոհանոցում ընդգծելն է: Այսպիսով, ապրիլի 15-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ մի ամբողջ գարուն, հայերը կարող են մասնակիցը դառնալ գառան սեզոն կոչվող նոր թրենդին, որը գալիս է լրացնելու խաշի սեզոնին հաջորդող բացը:

MBG Hospitality ընկերության 6 ռեստորանները («Ծիրանի այգի», «Ծիրանի տուն», «Չինար», «Ոստան», «Հանս եւ Ֆրանց» եւ «Ալյասկա») իրենց այցելուներին են առաջարկելու գառան մսով պատրաստված անսովոր ու հետաքրքիր ուտեստներ: Թե ինչի մասին է խոսքը, NEWS.am STYLE-ը պարզել է ընկերության PR manager Աննա Սալոմեից.

Աննա, եթե չեմ սխալվում, Հայաստանում գառան մսին նվիրված փառատոններ եւ միջոցառումներ նախկինում չեն եղել: Ինչպե՞ս որոշեցիք նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Այո, սա առաջին նման նախաձեռնությունն է. գառան մսին մեծ հաշվով անդրադարձ չի եղել մինչ օրս:

Կան տարբեր փառատոններ՝ դոլմայի, հարիսայի… Բայց մենք փառատոն չէ, որ նախաձեռնում ենք, սա ավելի մեծ ու ավելի երկարաժամկետ նախագիծ է, որի նպատակը գառան մսով ուտեստները թրենդային դարձնելն է: MBG Hospitality ընկերությունը թելադրում է նոր food trend: Մեզ մոտ արմատացած է, որ ձմռանը խաշի սեզոնն է սկսվում, մենք ուզում ենք «գաՌուն»-ով արմատացնել այն միտքը, որ գարունն էլ գառան միս ուտելու լավագույն սեզոնն է:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ այս նախաձեռնությունը սկսեցիք հենց գարնանը: Պատճառը «գարուն» եւ «գառան» բառերի բառախա՞ղն է:

Երկար մտածել ու աշխատել ենք այս նախագծի շուրջ: Գարունը գառան միս ուտելու լավագույն սեզոնն է, իսկ «գարուն» եւ «գառ» բառերը հրաշալի համադրվում են: Ստացվել է այնպես, որ «ռ» տառը որպես դոմինանտ ենք ընտրել այդ բառերի համադրության մեջ ու հեշթեգով այն ավելի թրենդային ենք դարձրել:

Փաստորեն երկու կարգախոսով եք առաջնորդվում

Այո, «Գարուն ա, գառ կեր», եւ «Գառը գարնանը կեր»: Այս երկու կարգախոսներն էլ արտահայտում են մեր սեզոնի բուն բովանդակությունը եւ նպատակը: Առաջինը շեշտում է այն միտքը, որ արդեն գարուն է եւ արդեն ժամանակն է գառան միս ուտելու, իսկ երկրորդը՝ որ գառը ուտելու ճիշտ ժամանակը գարունն է:

Ինքս նկատել եմ, որ գառան միսը հայերի շրջանում այնքան էլ մեծ պահանջարկ չի վայելում: Հայերը հիմնականում խոզի, հորթի կամ հավի մսով ուտեստներ են պատվիրում ռեստորաններում: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը՝ ռեստորանների ճաշացանկե՞րն են սահմանափակ տեսականիով գառան մսով ուտեստներ առաջարկում, թե՞ այլ գործոններ կան:

Գառան միսն իրականում շատ առանձնահատուկ միս է եւ համային առումով ոչ բոլորին է դուր գալիս: Իհարկե, կան նաեւ կարծրատիպեր գառան մսի հետ կապված, օրինակ՝ գառան միսն ասոցացվում է վատ հոտի հետ: Դա իրականում վատ նախադեպի արդյունք է: Միգուցե, հաճախ մարդիկ փորձում են տարիքով մեծ  ոչխարի միս, ոչ թե գառան: Իսկ մեր առաջարկած կերակրատեսակները 3-5-ամսական գառան մսից են, որովհետեւ գառն  ամենահամեղն է, երբ այն կաթից նոր է կտրվել եւ նոր է սկսել ուտել կանաչ խոտ:

Գառը այն կենդանին է, որը չի ուտում հավելումներով սնունդ, ուտում է բացառապես խոտ: Եվ արդյունքում գառան միսն օգտակար հատկություններով հարուստ միս է, այն նպաստում է մարդու առողջության պահպանմանը: Ընդ որում, որքան երիտասարդ է կենդանին, այնքան քիչ քանակությամբ խոլեստերին է պարունակում միսը: Գառան միսը հեշտ յուրացվող սպիտակուցներ և վիտամինների հրաշալի աղբյուր է: Պարունակում է մի շարք E, B խմբի վիտամիններ B1, B2, B3, B12 մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալցիում, կալիում, երկաթ, մագնիում, նատրիում, ֆոսֆոր և այլն:

Ի դեպ, գառան մսում երկաթը ավելի շատ է, քան մյուս տեսակի մսերում, ինչը շատ օգտակար է օրգանիզի համար: Իրականում գառան մսի օգտակար հատկությունների մասին կարել է անվերջ թվարկել:

Բացի ավանդական եւ մեզ արդեն հայտնի խաշլամայից եւ խորովածից, գառան մսով է՞լ ինչ հետաքրքիր ուտեստներ են առաջարկվելու սեզոնի ընթացքում:

Մեր առաջարկը խիստ բազմաբնույթ է: Ռեստորանային ոլորտում մենք ունենք 7 բրենդ, որոնք միմյանից խիստ տարբերվում են իրենց կոնցեպտով: Եվ մեր ռեստորաններից 2-ում՝ «Ալյասկա»-ում եւ «Հանս եւ Ֆրանց»-ում,  որոնք եվրոպական խոհանոց ունեն, Դուք կարող եք գտնել անգամ գառան մսով բուրգերներ եւ գառան մեջքի ֆիլե՝ քարի վրա (սթեյք): Հետեւաբար՝ սա վկայում է, որ մեր նպատակը նաեւ ավանդական ուտեստները ժամանակակից մատուցմամբ ներկայացնելն է: Իսկ հայկական խոհանոցով մեր ռեստորաններում կարող եք համտեսել թե´ գառան մսով խաշլամա, թե´ այլ ձեզ ծանոթ ուտեստներ՝ գառան խորոված, գառան քյաբաբ և այլն:

Որքանով, որ տեղյակ եմ, սեզոնի համար գառան մսով պատրաստված ուտեստներով հատուկ մենյու եք առաջարկում Ձեր հաճախորդներին. դա արդյոք ենթադրում է, որ կերակրատեսակները կունենան առավել մատչելի գներ: Մի փոքր կմանրամասնե՞ք:

Այո, գառան մսով կերակրատեսակները սեզոնի շրջանակներում հատուկ գնացուցակով կառաջարկվեն: Սա նշում եմ, որպեսզի մարդիկ պատկերացնեն, որ գառան միս համտեսելը թանկ հաճույք չէ, եւ պարտադիր  չէ ամբողջական գառ պատվիրել այն համտեսելու համար: Կան հրաշալի կերակրատեսակներ, որոնք հասանելի են միջին գներով ևս: Իսկ խմբերի համար մենք հատուկ առաջարկներ ունենք, օրինակ, ամբողջական գառ՝ պտուտակի վրա, որը շոու-ուտեստ է ու բավականին հետաքրքիր է ոչ միայն մեր հայրենակիցների, այլեւ զբոսաշրջիկների համար:

Իսկ հատուկ ճաշացանկը եւ գնացուցակը պահպանվելու են միայն սեզոնի ընթացքո՞ւմ:

Գառան միս եղել է եւ կլինի նաեւ մեր հիմական մենյուում, սակայն այս դեպքում առանձնահատկությունը սեզոնի համար հատուկ մենյու ունենալն է: գաՌուն-ի համար հատուկ մենյու է մշակվել եւ դրանով պայմանավորված, բնականաբար, կլինեն հատուկ առաջարկներ:

Հնարավո՞ր է՝ հետագայում ընդլայնեք նախաձեռնությանը միացած ռեստորանների շարքը, սեզոնը տարածեք նաեւ մարզերում:

Դա արդեն ընկերության բիզնես քաղաքականությունից է կախված: Այս պահին մեր բոլոր ռեստորանները, բացի «Ծիրանի այգուց» գտնվում են Երեւանում:

Այս պահին չենք նախատեսում որեւէ այլ քաղաքում կամ մարզում այդպիսի նախաձեռնություն, իսկ Երևանում սպասվելիք նոր ռեստորանների մասին կխոսենք մինչեւ տարեվերջ:

Այս նախաձեռնությունը հաջորդ տարիներին շարունական բնույթ կկրի՞:

Միանշանակ: Մենք նպատակ ունենք ենք այն այնքան պահանջված դարձնել, որ սեզոնն ինքը շարունակական բնույթ ունենա եւ դուրս գա մեր վերահսկողության սահմաններից անգամ, ինչու ոչ: Միայն ուրախ կլինենք, եթե մյուս տարի երեւանյան բոլոր ռեստորանները միանան մեր նախաձեռնությանն ու դրա մասշտաբներն ընդլայնվեն:

Ո՞ր խմիչքների հետ խորհուրդ կտայիք համադրել գառան միսը:

Իրականում գառան մսի հետ ալկոհոլներից ամենաճիշտ համադրվողը գինին է՝ մասնավորապես կարմիր գինին:

Գառան սեզոնի շրջանակում մենք ունենք հատուկ առաջարկ Le Grand Noir ապրանքանիշի ֆրանսիական կարմիր գինիների (որի շշի վրա, ի դեպ, հենց գառ է պատկերված) և  Armenia Wine-ի  կարմիր անապակ TAKAR գինիների համար:

Հնարավո՞ր է՝ գառան սեզոնը հետագայում ձեր ջանքերով վերածվի գառան փառատոնի:

Իրականում կոնցեպտը մտածելիս ի սկզբանե քննարկվել է փառատոնի տարբերակը, սակայն փառատոնը տոն է, որը գալիս եւ գնում է, մենք ավելի մեծամասշտաբ  նպատակ դրեցինք նախագծի հիմքում եւ որոշեցինք, որ չենք ուզում սահմանափակվել մեկ-երկու օրով եւ որոշեցինք մի ամբողջ գարուն՝ շուրջ երեք ամիս տոնել…

Այնպես որ, #գաՌուն-ի շրջանակներում ապրիլի 15-ից սպասում ենք գուռմաններին մեր բոլոր ռեստորաններում: Կհանդիպենք)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE