Լավ մոռացված հինը. Մեզանից ամեն մեկը ինչ-որ բանի է սպասում. «Տերմինալ»

20:33   10 ապրիլի, 2019

NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2004 թվականի տրագիկոմեդիայի ժանրի «Տերմինալ» ֆիլմը:

Ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը, գլխավոր դերերում նկարահանվել են՝ Թոմ Հենքսը, Քեթրին Զետա-Ջոնսը եւ Սթենլի Տուչչին:

Ֆիլմը պատմում է Վիկտոր Նավորսկու պատմության մասին, որն Արեւելյան Եվրոպայից ուղեւորվում է Նյու Յորք: Մինչ Վիկտորն օդանավով թռչում է, նրա հայրենիքում պետական հեղաշրջում է իրականացվում: Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում հայտնվելով ոչմիտեղից անձնագրով, նա Միացյալ Նահանգներ մտնելու իրավունք չունի եւ պետք է իր օրերն ու գիշերներն անցկացնի 67 մուտքի մոտի նստարանների վրա, մինչեւ հայրենիքում պատերազմն ավարտվի:

Սթիվեն Սփիլբերգը ոչ միայն հանճարեղ ռեժիսոր է, այլեւ կինոյում յուրատեսակ մարգարե, ինչպես նաեւ մարդ, որը պատրաստ է փորձարարություններ անել եւ նախագծի մեջ ներդնել այնքան փող, որքան անհրաժեշտ է, որ վերջնարդյունքն իրեն գոհացնի, որի համար չի ամաչի: «Տերմինալ» ֆիլմում եւս նա փող չխնայեց, որ կառուցի  օդանավակայանի լիարժեք շենքը՝ բյուջեի հիմնական մասը դրա մեջ ներդնելով: Սփիլբերգը այդպես վարվեց հանուն մեծ ռեալիզմի:

Վիկտորի համար օդանավակայանը եւ 67 տերմինալը դարձան միաժամանակ տուն եւ բանտ: Կային մարդիկ, որ նրան կարող էին օգնել, բայց դա չարեցին. Վիկտորը ստիպված էր ապրել եւ իր կերակուրը հայթայթել օդանավակայանի տարածքում:

Կարելի է միայն հիանալ նրա հնարամտությամբ եւ համառությամբ, իսկ գլխավորը՝ ուրիշների հանդեպ բարեհոգությամբ: Նա իր դժբախտության համար ոչ մեկին չի մեղադրում եւ փորձում է խնդիրն ինքնուրույն լուծել՝ այս ընթացքում պաշտպանելով օրինական իրավունքները, որոնց վրա կարող է հույս դնել յուրաքանչյուրը:

Օդանավակայանում ապրելու ընթացքում Վիկտորին անգամ հաջողվում է ընկերներ ձեռք բերել՝ ի դեմս օդանավակայանի աշխատակիցների, ինչպես նաեւ սեր գտնել: Վիկտորը եւ ուղեկցորդուհի Ամելիան (Քեթրին Զետա-Ջոնս), միմյանց նկատում են եւ իրենց միջեւ կայց զգում:

Գլխավոր հակամարտող ուժը ամերիկյան բյուրոկրատիան է, որը զուրկ է հասարակ մարդկանց հանդեպ խղճահարությունից եւ նրանց հասկանալուց: Քաղաքական գործիչները եւ մարդիկ, որոնք օտար ճակատագրերը վճռելու իշխանություն ունեն, խստորեն հետեւում են օրենքի տառին՝ չցանկանալով մտնել նրանց դրության մեջ, որոնց կյանքը ծնկի է բերել: Նրանց ոտքի կանգնելու հնարավորություն ուղղակի չեն տալիս:

Թոմ Հենքսը մեծագույն գովեստի է արժանի: Նա ապշեցուցիչ դերասան է, որն իր խաղով կարող է ամբողջ ֆիլմի ընթացքում մարդկանց էկրանի մոտ պահել. եւ կարեւոր չէ, թե նա ում է մարմնավորում՝ հիմար, բայց բարի Ֆորեսթ Գամփի՞ն, «Կանաչ մղոնում» բանտային հսկիչի՞ն, թե՞ «Իզգոյում» ժամանակակից Ռոբինզոն Կրուզոյին, նա կստիպի հավատալ իր հերոսին եւ ցույց կտա, թե ով է ինքը ցանկացած դերում:

Քեթրին Զետա-Ջոնսը հոյակապ դերասանուհի է եւ անչափ գեղեցիկ կին, որի խաղն աչքի է ընկնում յուրատեսակությամբ եւ էներգետիկայով, նրա հերոսուհիները հանդիսատեսին միշտ իրենց կողմն են տրամադրում:

Սթենլի Տուչչին, որը կատարում է օդանավակայանի տարածքում վիթխարի իշխանություն ունեցող մարդու դերը, մարդ-բյուրոկրատի կամ մեքենա-կիբորգի ամենացայտուն օրինակն է, որը մեկ քայլ իսկ չի շեղվում այն ուղղությունից, որը նրա համար նախատեսում է ծառայողական դիրքը:

«Տերմինալը» դեպի իրեն է ձգում իր բարի մթնոլորտով, ստիպում կարեկցել հերոսին. աներեւակայելի հետաքրքիր ֆիլմ է սովորական մարդու մասին՝ այնպիսի, ինչպիսին ենք նաեւ մենք: Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանել, որը նման չէ նրա մյուս նախագծերին, ցույց է տվել, թե ինչպես պետք է նկահանել կատակերգական դրամաները:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE