Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հունիսին կժամանեն Հայաստան

16:49   10 ապրիլի, 2019

Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, հունիսին կժամանեն Հայաստան, որպեսզի Երեւանում տոնեն Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը: Այս մասին հայտնում է MediaBrand-ը։

Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա): DoSomething-ի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

2019 թվականի հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո Երեւանում տեղի կունենա հանդիսավոր երեկո Իէն Գիլանի, Թոնի Այոմիի եւ Ջոն Դիի մասնակցությամբ, որի ժամանակ կներկայացվի Rock Aid Armenia նախագծի պատմությունը:

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն է: Միջոցառման գործընկերը Koor գինին է:

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Ջոն Դին կայցելեն Գյումրիի N 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:

2009 թվականի հոկտեմբերին՝ Rock Aid Armenia-ի 20-ամյակի կապակցությամբ, Մեդիամաքսը եւ Do Something-ը նախաձեռնել էին Armenia Grateful 2 Rock ծրագիրը, որի շրջանակում Հայաստան էին այցելել Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց այցի ժամանակ, որը 1989 թվականից գործում էր երկաթյա տնակներում, ռոք-աստղերը որոշեցին օգնել կառուցել նոր շենք:

2010 թ. մարտին Երեւանում անցկացվեցին Իէն Գիլանի եւ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգները: Նույն թվականին Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հիմնեցին WhoCares սուպեր խումբը:

Դպրոցի կառուցման համար անհրաժեշտ միջոցների դրամահավաքը եւ շինարարությունը համակարգում էին Հայկական օգնության ֆոնդը (ՀՕՖ), Մեդիամաքսը եւ DoSomething- ը: 2013 թ. սեպտեմբերին բացվեց դպրոցի նոր շենքը՝ Իէն Գիլանի եւ Ջոն Դիի մասնակցությամբ:

«Հրաշալի է, որ Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հունիսին Երեւանում մեզ հետ կլինեն: Արա Թադեւոսյանը եւ ես ցանկանում ենք երախտագիտություն հայտնել Իէնին եւ Թոնիին՝ Հայաստանին օգնելու իրենց անհավատալի 30-ամյա հավատարմության համար: Հունիսի 5-ի միջոցառումը թույլ կտա հայերին հիշել եւ գնահատել այն աջակցությունը, որոնք իրենց ցուցաբերել են երկրաշարժի գոտու երեխաներին», – ասել է Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին:



© NEWS.am STYLE