Երբ պոդիումին մանուկներն են. Երեւանում կայացավ Kids Fashion Day-ի գարուն-ամառ ցուցադրությունը (ֆոտո/վիդեո)

22:20   10 ապրիլի, 2019

Նորաձեւություն թելադրում են ոչ միայն մեծահասակները, այլեւ փոքրիկները, քանի որ գեղեցիկ եւ ոճային հագնվելու համար պարտադիր չէ լինել հասուն եւ մասնագիտություն ձեռք բերած մարդ: Հենց այդ նպատակով էլ Երեւանում արդեն 6-րդ անգամ անցկացվեց Kids Fashion Day խորագիրն ունեցող նորաձեւության շոուն, որի շրջանակում պոդիումով քայլում էին փոքրիկներն ու ցուցադրում նորաձեւ հագուստներ, որոնք ներկայացնում էին տարբեր բրենդային խանութների եւ դիզայներների աշխատնքներ:

Նախագծի հեղինակները Ռուբինա Գրիգորյանն ու Կարմեն Ղազարյանն են, իսկ փոքրիկներին գեղեցիկ քայլել սովորեցրել էին մոդելներ Մարիկա Թունյանն ու Նարե Զաքարյանը:

«Նախագիծը սկսել ենք նախորդ տարվանից: Այն սիրվեց բոլորի ու, հատկապես, մեր գործընկերների կողմից, որովհետեւ երեխաների համար սա մեծ տոն է դառնում, իսկ դիզայներների համար էլ հրաշալի հնարավորություն` իրենց հավաքածուները գեղեցիկ ներկայացնելու համար: Սկզբից որոշել էինք ներկայանալ գարուն-ամառ, աշուն-ձմեռ հավաքածուներով, բայց քանի որ զգացինք սիրվել է, ծնողներն էլ ավելի հաճախ են ցանկանում երեխաներին տեսնել պոդիումի վրա, որոշեցինք թեմատիկ ցուցադրություններ էլ կազմակերպել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Ռուբինան:

Ցուցադրությանը մասնակցում էր մոտ 70 երեխա: Նրանցից շատերը առանձնացան նաեւ երգելու եւ պարելու կարողութուններով: Կարմեն Ղազարյանի խոսքով՝ նախագծին ամեն անգամ միանում են նոր փոքրիկներ:

«Ունենք բալիկներ, որոնք սկսած օրվանից մեր կողքին են, բայց, իհարկե, յուրաքանչյուր ցուցադրության ժամանակ մեզ են միանում նաեւ շատ ու շատ այլ երեխաներ»,-նշեց նա:

Հուզմունք, անկեղծություն, մի քիչ շփոթմունք, երջանիկ աչուկներ եւ անսահման էնտուզիազմ՝ ահա, թե ինչի ականատեսն այսօր դարձանք մանկական ցուցադրությանը հետեւելիս: Որպեսզի կարողանանք փոխանցել մեր ստացած էմոցիաները, ձեզ համար պատրաստել ենք հատուկ վիդեո-ռեպորտաժ Kids Fashion Day-ից:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE