15:17 24 հունիսի, 2013Հայկական աստղաբույլ երկնքի փոքրիկ աստղիկ Լիդուշիկը հուլիսի 14-ին՝ իր ծննդյան օրը, մենահամերգ կտա Երեւանում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Լիդուշիկը նշեց, որ սա արդեն իր երրորդ մենահամերգն է.
«2012 թվականի ամռանը 2 տարբեր կազմակերպիչներից մենահամերգի ստացանք առաջարկ, մեկը` Գյումրիից, մյուսը` Միացյալ Նահանգներից: Սկզբում մտավախություն ունեինք. չէ՞ որ այս տարիքում մենահամերգ ունենալը շատ բարդ ու պատասխանատու գործ էր: Կազմակերպիչների նախաձեռնությամբ, փետրվարի 19-ին Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ իմ առաջին մենահամերգը: Իսկ փետրվարի 24-ին Գլենդեյլի Ալեքս թատրոնում տեղի ունեցավ իմ 2-րդ մենահամերգը: Այդ երկու համերգներից ստացած տպավորություններն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունն առիթ հանդիսացան Երեւանում նույնպես մենահամերգ կազմակերպելու համար»:
Լիդուշիկի փոխանցմամբ, սպասվում են բազմաթիվ անակնկալներ. «Մեկը Չեխիայից Դիանա Քալաշովայի մասնակցությունն է, ով բոլորին հայտի է դարձել «Չեխոսլովակիան տաղանդ ունի» նախագծից: Ինձ համար նաեւ մեծ պատիվ է համերգին Նունե Եսայանի մասնակցությունը, ում հետ կկատարեմ «Մամա» զուգերգը: Համերգին կլինեն 3 նոր երգերի պրեմիերաներ, գեղեցիկ պարային համարներ եւ լուսային ձեւավորում: Մյուս անակնկալների մասին չեմ ուզում խոսել, բայց վստահեցնում եմ, որ բոլոր երեխաների համար այդ օրն իսկական մանկական տոն կլինի»:
«Ուզում եմ նշել, որ այդ օրն ինձ համար եռակի տոն է, քանի որ նշելու եմ իմ ծննդյան 14-ամյակը եւ բեմական գործունեության 10-ամյակը: Այն ինձ համար 10 տարիների ամփոփիչ համերգ է լինելու: Բայց կարծում եմ, որ քանի դեռ ցանկություն ունեմ երգեր կատարել երեխաների համար, ուրեմն կշարունակեմ երգել եւ ժամանակի ընթացքում աստիճանաբար կանցնեմ պատանեկան երգերի»,- ամփոփեց փոքրիկ աստղը:
Մարինա Ադուլյան