Մարմինը պատրաստում ենք լողափային սեզոնին. ինչպես խուսափել ոտնաթաթերի քրտնելուց

22:13   24 հունիսի, 2013

Մեզանից շատերն աշնանը եւ ձմռանը չեն մտածում մարմնի խնամքի մասին, իսկ լողափային սեզոնի մոտենալուն զուգահեռ ցանկանում ենք անթերի տեսք ունենալ: Ամենից առաջ այդ վերաբերում է մաշկին: Այդ նպատակով NEWS.am STYLE-ը դիմել է կոսմետոլոգ Մարիամ Սարուխանյանին՝ պարզելու համար, թե ինչպես պետք է ճիշտ խնամել ոտնաթաթերը:

«Քրտնող ոտնաթաթերն իսկական գլխացավանք են: Դա նշանակում է ոչ միայն տհաճ հոտ, այլեւ տարբեր մանրէների բազմացման հնարավորություն: Բայց գոյություն ունի խնդրի դեմ պայքարելու միջոցների համալիր:

Միանշանակ, ձեզ հարկավոր է օգտագործել լոսյոն, որի բաղադրության մեջ մեղր կա: Նման լոսյոն կարելի է գնել կոսմետիկայի ցանկացած խանութում: Եթե չեք կարողանում այն գտնել, ապա ամեն երեկո ոտնաթաթերին փոքր-ինչ մեղր քսեք: 40-50 րոպե անց գոլ ջրով լվացեք: Մեղրն օգնում է նվազեցնել քրտնարտադրությունը:

Մի մոռացեք նաեւ սփրեյի մասին: Այն հարկավոր է ցողել միայն չոր եւ մաքուր մաշկին: Ավելի լավ է այդ անել առավոտյան:

Հիմա ամառ է, եւ ոտքերի սառեցնող գելի ամենալավ ժամանակը: Գնեք այնպիսին, որի բաղադրության մեջ անանուխ կա: Այն կօգնի արագորեն սառեցնել ոտքերը եւ ամբողջ օրվա ընթացքում մոռանալ այդ խնդրի մասին»:



© NEWS.am STYLE