NEWS.am STYLE-ի տեսությունը. տղամարդկանց նորաձեւության շաբաթ Լոնդոնում (ֆոտո)

18:47   24 հունիսի, 2013

Լոնդոնում անցկացվել է գարուն-ամառ 2014 տղամարդկանց նորաձեւության շաբաթը: Նորաձեւության աշխարհում այս շաբաթն ընդունված է համարել ամենից նորարարականը: Հենց այս շրջանում երիտասարդ դիզայներները ջանք ու երեւակայություն չեն խնայում՝ հերթական անգամ հասարակությանը զարմացնելու համար:

Ավելի քան 30 դիզայներներ՝ Topman-ից մինչեւ Alexander McQueen նորաձեւության սիրահարներին ներկայացրեցին իրենց նոր ստեղծագործությունները: Ներկայացնում ենք NEWS.am STYLE-ի վարկածով լավագույն կերպարները:

JW Anderson - անցյալ սեզոնի ցուցադրության ժամանակ ցնցելով տղամարդկանց համար կարճ շրջազգեստներով՝ JW Anderson նորաձեւության տունն այս անգամ ներկայացրեց ավելի խիստ հավաքածու: Երկար վերնաշապիկներն ու սպիտակ շապիկները սահուն կերպով անցում էին կատարում մոխրագույնի հավելումով բեժի եւ կարմրի որոշ երանգների: Լայն տաբատները կարելի է համարել հաջորդ սեզոնի թիվ մեկ միտումը:

Topman –skinny տաբատներն արդեն մի քանի սեզոն չէին իջնում պատվանդանից: Բայց այս անգամ դիզայներները, կարծես, որոշել են հրաժարվել նիհար պատանու կերպարից եւ ստեղծել են ազատ ու թեթեւ եզրերով լայն տաբատներ: Դրանք հաջորդ սեզոնի անբաժանելի մասն են: Topman-ը ստեղծել է սպիտակ ու սեւ մետաքսե գործվածքից վերնաշապիկներ:

Christopher Kane – շոտլանդացի երիտասարդ դիզայներ Քրիստոֆեր Քեյնը արդեն երկրորդ սեզոնն է՝ չի կարողանում ազատվել նախշազարդերից եւ փոփ-արտ ոճի նկարներից: Ի դեպ, 3D գրաֆիկան 70-ական եւ 80-ական թվականներին դարձավ շատ դիզայներների մեկնարկային կետ: Այն իր տեղն էր գտել նաեւ Kay Kwok-ի ցուցադրության ժամանակ:

Rag & Bone – ամառային սեզոնի մեկ այլ ուղղություն է վառ կապույտը: Օրինակ, դրանք ներառվել էին Altuzarra եւ Erdem-ի հավաքածուներում, որոնք ամբողջությամբ կապույտ էին: Rag & Bone-ը որոշել էր չհեռանալ տաբատների դասական եզրերից՝ միաժամանակ հավելելով մի քանի ավելորդ գրպան:

Lou Dalton - Lou Dalton-ի ցուցադրության ժամանակ տղաներն ավարտական երեկոյի օրինակելի աշակերտների տեսք ունեին: Ուղիղ եզրերով տաբատների եւ կիսատաբատների գործվածքի ընտրությունն անգլիական դենդիի դասական կերպարը վերականգնելու նպատակ ունի: Ձանձրալի պիջակներին որոշակի ռոմանտիզմ է հաղորդել վարդագույն երանգով գործվածքի հավելումը: Ի դեպ, դժգույն վարդագույնն առկա էր նաեւ Burberry Prorsum 2014-ի ցուցադրության ժամանակ, որն ընդունված է համարել Անգլիայի նորաձեւության հիմնական օրենքներից մեկը:

Գրիգոր Ավետիսյան




© NEWS.am STYLE