Ինչպես 50 տարեկանում 30-ի տեսք ունենալ. գաղտնիքներ Ջենիֆեր Լոպեսից

11:13   16 ապրիլի, 2019

Հուլիսին Ջենիֆեր Լոպեսը կդառնա 50 տարեկան. երգչուհին հրաշալի կազմվածք ունի եւ շատ երիտասարդ տեսք։ «7Д»-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ կազմվածքը պահպանում է սպորտի եւ առողջ ապրելակերպի միջոցով։

Երգչուհու խոսքով՝ ստիպված է եղել յհրաժարվել մի քանի մթերքից. Լոպեսը սննդակարգից բացառել է կոֆեինը եւ ալկոհոլը։ «Դրանք լրջորեն ազդում են ե՛ւ մաշկի, ե՛ւ կազմվածքի, ե՛ւ մազերի վրա։ Իսկ ես միշտ լավ եմ հոգ տարել իմ մասին, ինչն անարդյունք չի եղել։ Այս տարիքում կանանց հաճախ դադարում են ուշադրություն դարձնել։ Եվ մենք պատաստ ենք հանձնվել, համակերպվել. «Հնարավոր է՝ ես իսկապես ոչնչի պիտանի չեմ։ Չեմ կարող մեծ ծրագրեր կազմել, փորձել իրականություն դարձնել երազանքները»… Առաջարկում եմ լռեցնել քննադատին, որն ապրում է մեր ներսում եւ խանգարում առաջ շարժվել, որովհետեւ այդպիսի մտքերը պարզապես անհեթեթություն են»,- ասել է Լոպեսը։  

Ջեյ Լոն նաեւ հիշել է դեռահասության տարիքը՝ խոստովանելով, որ ընտանիքում միշտ գովաբանվել է փարթամ կազմվածքը։ «Դա մեր մշակույթի մասն է»,- պարզաբանել է Լոպեսը՝ նկատելով, որ իր ոճը կրում է նաեւ փողոցային նորաձեւության եւ բրեյք դանսի հանդեպ սիրո ազդեցությունը։

«Ես սիրում եմ համադրել գլամուրը եւ մի փոքր տղայական, գանգստերական ոճը… Սպորտային տաբատ, բաճկոն, ընդգծված աչքեր եւ խոշոր ականջօղեր։ Այդ ամենն իմ մեջ կենդանի է, չի անհետացել։ Ես կարող եմ կուտյուրային զգեստ կրել, որը ոտքից գլուխ գլամուրային է, բայց կրել ոսկե ականջօղեր։ Եվ առհասարակ այնքան ոսկի, որքան ցանկանամ։ Այո՛, դա իմ ոճն է, եւ ոչ ոք ինձ չի ստիպի հրաժարվել դրանից։ Կոպտության եւ ուժի միահյուսում սեքսուալության հետ…»



© NEWS.am STYLE