Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին

11:45   16 ապրիլի, 2019

Ֆրանսիացի երգչուհի, աշխարհի լավագույն Էսմերալդա Հելեն Սեգարան անհամբեր սպասում է երեւանյան ելույթին: Հիշեցնենք, որ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի, որին հանդես կգա նաեւ հայկական արմատներով երգչուհին:

Մինչ Հայաստան ժամանելը Հելեն Սեգարան հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան, մայիսի 26-ին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»:

Տեղեկացնենք, որ բացի Սեգարայից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն եւ այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը եւ Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Հելեն Սեգարան ծնվել է 1971թ. Ֆրանսիայի հարավ-արեւելքի Վար արվարձանում: Հայրը իտալացի է, մայրը` հայ: 15 տարեկանում թողել է ուսումը եւ շարունակել երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում: 1993թ. թողարկել է առաջին «Լոին» ձայնասկավառակը, որը հաջողություն չի ունեցել: 1996թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտտիի հետ, ով դարձել է նրա պրոդյուսերը: Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել եւ արժանացրել մի շարք մրցանակների: Այդ եւ մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա 1999 թ. թողարկած «Ապակե սիրտ» ձայնասկավառակում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելլիի հետ: Ձայերիզը վաճառվել է ավելի քան 600 հազար օրինակով:

1997թ. նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը: 1999թ. ստիպված է եղել լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորուստի պատճառով: Ձայնի վերականգնումից հետո թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ եւ շուրջ 25 սինգլ:

Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները: 2000թ. արժանացել է «Victoires de la Musique» («Տարվա արտիստ») և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակներին: 2006թ. թողարկել է «Quand l'éternité» ձայնասկավառակը, որն իր ոճով տարբերվում է մյուսներից ռոք երաժշտությամբ եւ երգչուհու խոսքերով: 2011թ. ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը:

Սեգարայի տեսաուղերձը կարող եք դիտել այս հղումով։

Լուսանկարը՝ Հելեն Սեգարայի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE