«Վերջերս հպարտությամբ «հայհոյող» կանանց ակտիվությունից խորշում եմ». Նազենի Հովհաննիսյան

13:44   16 ապրիլի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որի մեկնաբանություններում նշել է, որ կանացիությունը երբեք չի թուլացնում կնոջը կամ նրա դերակատարումը։

«Ես չգիտեմ` ինչ են հասկանում կանացիության ներքո շատերը ու դժվար էլ կարողանամ տալ դրա բանաձեւումը, բայց հաստատ գիտեմ, որ այն երբեք չի թուլացնում կնոջը կամ նրա դերակատարումը: Ընդհակառակն: Հասարակության ձեւավորման գործում կրթության, մշակույթի ու շատ այլ հարցերի հստակեցման ու համակարգային ձեւավորման գործում կինն է առաջամարտիկը: Կանացիությունը չի կարող խանգարել երբեք, որ քեզ լսեն: 

Այսօր ֆբ- ում մի տեղ կարդացի մի անծանոթ կնոջ գրած, որ «եթե կնոջ խոսքին ուշադիր չլինեն կամ բանի տեղ չդնեն, ոչինչ, կին է էլի, բայց տղամարդու խոսքը պիտի պահվի ու հարգվի»:
Էս ի՞նչ «իսլամական» մտածողություն է ( թող ներեն այդ հավատքի հետեւորդները): Հենց կինն է իր խոսքով ՊԱՐՏԱՎՈՐ լինել ամուր ու մանավանդ` պատասխանատու, կինն է առաջնային օրինակը դառնում իր ընտանիքի կրտսեր անդամների համար, մեղմողն իր ամուսնու, եղբոր, հոր եւ...

Վերջերս հպարտությամբ «հայհոյող» կանանց ակտիվությունից խորշում եմ... Կնոջ խոնարհությունն իր ուժի ու միայն ուժի մասին է փաստում, ոչ թե թուլամորթ անխոսության, եւ դա պիտի լինի տեղին ու արժանի իրավիճակում, ոչ թե ստրկաբարո կամ անելանելությունից դրդված: Իսկ կանացիությունն էլ կամ կնոջ ներսից է, կամ նրա որոշումը` լինել այդպիսին: Ու հենց կոտրեցին նրա` կանացի լինելու ցանկությունը, կխեղդեն առհասարակ կնոջը նրա մեջ: Ու կձեւավորվի ագրեսիվ ու անեծքաչոր «ճիշտ» կանանց մի խումբ, ինչպիսին, որ այսօր իրենց ակտիվությամբ «խեղդում են», որովհետև շենքի բեսեդկաները տեղափոխել են սոցկայքեր...

Ես չեմ կարծում, որ որեւէ տղամարդ սիրի կամ ցանկանա տեսնել իր կողքին անպատասխանատու խոսքով կամ անխոս թուլակամությամբ մի կնոջ: Հավասարությունը պարտադիր պետք է լինի` առաջին հերթին փոխադարձ պատասխանատվությա՛ն մեջ»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE