«Կարծես աղբակույտից դուրս եկած լինի». Պուգաչովան զայրացած է Լերա Կուդրյավցեւայի պահվածքից

14:57   16 ապրիլի, 2019

Գրեթե բոլոր հեռուստաալիքները հաղորդումներ էին նվիրում Ալլա Պուգաչովային նրա 70-ամյակի առիթով։ Բացառություն չէր նաեւ «Առաջին ալիքը», որը «Пусть говорят» հաղորդման տաղավարում հավաքել էր պրիմադոննայի ընկերներին եւ մտերիմներին։ Բացի արտիստի անցած ճանապարհից՝ քննարկվում էին նաեւ բազմաթիվ բացասական հրապարակումները, որոնք պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցներում։ Ալլա Բորիսովնան խոստովանել է, որ վրդովված է իր հասցեին հնչող ստի հոսքի պատճառով։

«Ամբողջ ընթացքում սուտ է տարածվում, հորինված բան, ամբողջ ընթացքում ինչ-որ բան են շրջանառում»,- նշում է պրիմադոննան։ Մասնավորապես, Պուգաչովային զայրացրել է НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդումը, որը վարում է Լերա Կուդրյավցեւան։ Հաղորդավարուհին հրավիրել էր Սերգեյ Չելոբանովին եւ հարցեր ուղղել երգչուհու հետ ինտիմ հարաբերությունների մասին։

«Կարծես աղբակույտից դուրս է գալիս շատ գեղեցիկ աղջիկ՝ վարողը, եւ սկսում է փորփրել այդ աղբակույտը։ «Ասացեք՝ իսկ դուք քնե՞լ եք նրա հետ»,- այդ հաղորդավարուհին հարցնում է հյուրին։ Իսկ նա նստած է… «Այո»,- ասում է։ «Օյ, իսկ ինչպիսի՞ն է նա անկողնում»,- շարունակում է հաղորդավարուհին։ Եվ այս ամենը հեռուստաէկրաններից»,- ասում է նա։

Ալլա Բորիսովնան չի մեղադրում Սերգեյ Չելոբանովին, որի հետ այսպիսի ագրեսիվ ձեւաչափով է հարցազրույց անկացվել։

«Մեղավոր չեն մարդիկ, որոնց հարցնում են։ Ի՞նչ պետք է նրանք պատասխանեն, եթե եկել են։ Մեղավոր է այդ հաղորդավարների մակարդակը։ Իսկ ինձ ասում են. «Դուք, Ալլա Բորիսովնա, ոչինչ չեք հասկանում. չէ որ այդ կեղտն եւ նողկալին վարկանիշ են ապահովում»։ Գրողը տանի այդպիսի վարկանիշը։ Դուք պետք է դաստիարակեք, ցույց տաք, որպեսզի մարդիկ լավ կյանքի ձգտեն»,- եզրափակել է Պուգաչովան։

 



© NEWS.am STYLE