«Որքան էլ մեզ չեն սիրում Թուրքիայում, միշտ ասում են՝ հայերը ստեղծագործ ազգ են». Արտո Թունջբոյաջյան

17:13   16 ապրիլի, 2019

Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ 5th Season խմբի համերգը: Կամերային նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, իսկ 5th Season խմբի կազմում ելույթ կունենան «Գրեմմիի» մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանը,  ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, Սամ Սարյանը եւ կոնտրաբաս Մակար Նովիկովը: Համերգը կրում է Gate of Frequency խորագիրը:

«Մտնում ենք ձայնային հաճախականության մի դաշտ: Բոլորիս գիժ համերգ է սպասվում»,-այսօր՝ ապրիլի 16-ին կայացած մամուլիս ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սպասվելիք համերգին, նշեց Վահագն Հայրապետյանը՝ հավելելով, որ ինչպես միշտ՝ Արտո Թունջբոյաջյանի հետ կներկայացնեն բաց իմպրովիզներ, ստեղծագործություններ, որոնք կհնչեն առաջին անգամ կամ նորովի:

Արտո Թունջբույաջյանն ինքն էլ դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչպիսի համերգային ծրագիր է սպասվում հանդիսատեսին եւ ինչ ստեղծագործություններ է ներկայացնելու, քանի որ երաժիշտը միշտ նվագում եւ երգում է այն, ինչ զգում է տվյալ պահին.

«Երաժշտությունն ինձ համար իմ կյանքի ձայնն է, դա մարդու անկեղծ մտածողությունն է: Կարեւոր է այդ ճիշտ մտածելու ձեւին հասնելը: Ցանկացած մասնագիտության դեպքում դա նույնն է: Բնությունը պետք է առողջ ձեւով օգտագործել, բոլոր մասնագիտությունների մեջ էլ մի բան պետք է անկեղծ ձեւով ստեղծել: Որքան էլ մեզ չեն սիրում Թուրքիայում, միշտ ասում են՝ հայերը ստեղծագործ ազգ են»,-նշեց Արտո Թունջբոյաջյանը՝ մի փոքր ափսոսանքով հավելելով. «Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, բայց ցավոք այստեղ չեն կարողանում օգտագործել իրենց մտքերն ու ստիպված գնում են այլ երկրներ: Մեծերը պետք է միշտ նրանց կողքին լինեն: Մարդ լինելը մեր հիմքն է, բայց ազգ լինելը տվյալ մարդու համեմունքն է»:

Խոսելով Արտո Թունջբոյաջյանի հետ իրականացվելիք երաժշտական փորձարկումների մասին՝  Վահան Մարտիրոսանը նշեց.

«Ամբողջ երաժշտական պատմությունն է էքսպերիմենտ: Ոմանց մոտ դա ստացվել է, ոմանց մոտ՝ ոչ: Իրականում մենք էլ չգիտենք՝ ինչ կստացվի արդյունքում: Մենք մեր նոտաներն ենք նվագելու, դրանց գումարվելու են Արտոյի միքսերը: Էքսպերիմենտներ անելը մեր աշխատանքն է»:

Համերգի կազմակերպիչները նշում են՝ դեռեւս նույն ծրագրով դրսում ներկայանալու ռեալ հեռանկարներ չկան.

«Այստեղ ներկայանալուց հետո միայն կհասկանանք՝ արժե՞ համերգը ներկայացնել նաեւ դրսում, թե՞ ոչ»,-եզրափակեց Վահան Մարտիրոսյանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE