Հայ խոհարարների՝ Դաղստանում եւ Եգիպտոսում գրանցած հաջողություններն ու ադրբեջանցիների զարմանքը

14:11   18 ապրիլի, 2019

Օրերս հայ խոհարարների պատվիրակությունը վերադարձել է Դաղստանում անցկացված խոհարարական միջազգային մրցույթից` իր հետ բերելով միանգամից 4 մեդալ` 1 ոսկի, 1 արծաթ եւ 2 բրոնզ: Այսօր՝ ապրիլի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, ՀԿ-ի տնօրեն Արբի Ղարախանին եւ նույն կազմակերպության խորհուրդի անդամ Յուրի Սարգսյանը խոսեցին ոչ միայն Դաղստանում գրանցած հաջողության, այլեւ ավելի վաղ Եգիպտոսի Culinary Taste of Culture միջազգային էքսպոյի շրջանակում ձեռք բերած մրցանակի մասին:

«Շատ կարեւոր է մեր ազգային խոհանոցը ներկայացնելն ու տարածելը: Մեր կազմակերպության անդամներն այս տարի տարբեր միջոցառումների մասնակցեցին, մեկը Դաղստանում էր, իսկ մյուսը՝ Եգիպտոսում: Առաջինին մասնակցեցին մեր կազմակերպության խորհուրդի անդամներ Յուրի Սարգսյանը, Էդիկ Սիմոնյանը, Արմեն Քեֆիլյանը եւ Գարիկ Ղազարյանը: Մյուս միջոցառումը եւս արդեն ավանդական է դարձել, այն տեղի է ունենում Եգիպտոսում՝ ազգային խոհանոցների ներկայացում է, որին արդեն երկրորդ տարին ենք մասնակցում: Երկու տեղում էլ մեր մասնակցությունը հաջողությամբ պսակվեց: Հատկապես ինձ համար շատ կարեւոր էր, որ Եգիպտոսում ներկայացվեց ազգային կերակրատեսակ, եւ մեր թիմը վերցրեց առաջին մրցանակը»,-նշեց Սեդրակ Մամուլյանը, որը ներկա է եղել Դաղստանում կայացած մրցույթին, սակայն ոչ որպես մասնակից, այլ՝ ժյուրիի անդամ: Ժյուրիի մյուս անդամները 20 այլ երկրների ներկայացուցիչներ էին: Կար նաեւ ադրբեջանցի ժյուրի, որը, սակայն, եզրափակիչ փուլում չի դատել: Ի դեպ, դրա հետ կապված էլ Մամուլյանը հետաքրքիր դիպված հիշեց.

«Իմ դատելու օրը Ադրբեջանի թիմի ներկայացուցիչը մոտեցավ ու շնորհակալություն հայտնեց ինձ, որ իրենց կերակրատեսակը ցածր չգնահատեցի: Ես էլ պատասխանեցի, որ ոչ թե իրեն եմ գնահատել, այլ պատրաստած կերակրատեսակը, որը նորմալ էր: Ասացի՝ այսինքն դուք հայկական կերակուրը գնահատելիս անկախ համային տվյալներից՝ ցա՞ծր պիտի նշանակեիք… Այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ կան մարդիկ, հատկապես, Անդրբեջանում, որ խոհանոցն ու քաղաքականությունը խառնել են իրար. այս երկուսը միմյանց հետ խառնելու դեպքում ստեղծված ուտեստը դառնում է քաղաքահոտ եւ քաղաքահամ»:

Հայ խոհարարների գրանցած հաջողությանն անդրադարձավ նաեւ Յուրի Սարգսյանը՝ ներկայացնելով մրցույթի ձեւաչափն ու պատրաստած կերակրատեսակները.

««Ազգային ուտեստ» անվանակարգում անցանք եզրափակիչ փուլ: Պատրաստել էինք «Անի» քաղցրավենիք աղանդը, հավի ուտեստ եւ դդումից աղցան: Դրանց շնորիվ էլ նվաճեցինք մեդալները»:

Խոհարարը նաեւ բացահայտեց այն բաղադրատոմսը, որով հայկական «Անի» քաղցրավենիքը գրավել է օտարազգիներին: Արդյունքում պարզեցինք՝  այն պատրաստվում է բողկից, մեղրից եւ նուշից:

«Առաջին անգամ էին այնտեղ փորձում նման համային բացահայտում»,-նշեց Յուրին:

Ասուլիսին ներկա Արբի Ղարախանին էլ խոսեց Եգիպտոսում կայացած մրցույթի մասին.

«Եգիպտոսում կայացած միջոցառումն ավելի շուտ կարելի է համարել միջազգային ցուցահանդես: Մասնակցում էին մոտ 18 երկիր՝ ներկայացնելով իրենց ազգային ուտեստները: Հայաստանից մասնակցել ենք ես եւ Արայիկ Ամզայանը: Նախապես նրանց ներկայացրել էինք անհրաժեշտ բաղադրիչները, նրանք այդ ամենը բերել էին, պատրաստել ենք միեւնույն խոհանոցում: Ուտեստները նախատեսված էին մոտ 800 հյուրի համար: Առաջին կերակրատեսակները կոչվում էին VIP` նախատեսված հիմնականում դեսպանների, հատուկ հյուրերի համար, իսկ մյուս մրցույթի շրջանակում մատուցել ենք «Անի» քաղցրավենիքը, գաթա, մեզ հետ տարել էինք նաեւ լավաշ ու Վանա քաշովի»:

Անդրադառնալով ընտրված ուտեստներին՝ Սեդրակ Մամուլյանը նշեց.

«Մենք կազմակերպության խորհուրդի նիստ ենք հրավիրել եւ որոշել ընտրել այնպիսի կերակրատեսակներ, որոնք եւ մատուցման ձեւով հետաքրքիր կլինեին, եւ համային չափանիշներով ցույց կտային մեր ազգային համային հատկանիշները: Մեր աշխատանքը միտված է, որ կարողանանք մեր խոհանոցը, եթե ոչ պոկել այդ «քյաբաբախորովածային» հասկացությունից, ապա գոնե այլ ալտերնատիվ առաջարկներ ներկայացնել մեր հանրությանը՝ ասելով, որ միայն խորովածի համը բնորոշ չէ մեր խոհանոցին»:

Մամուլյանը հավելեց՝ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունն այս պահին աշխատում է ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հատուկ ծրագրի շուրջ, որը մտադիր են ներկայացնել նաեւ կառավարությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE