Քիմ Քարդաշյանը բացատրել է՝ ինչպես են աշխատում իրենց տան լվացարանները

19:19   18 ապրիլի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը որոշել է երկրպագուներին ցույց տալ՝ ինչպես են աշխատում լվացարաններն առանց լվացարանակոնքների, որոնք այդքան հետաքրքրել են իրեն։

Մինչ այս գարուն ռեալիթի-շոուի աստղը երբեք տունը ներսից չէր ցուցադրել եւ 41-ամյա ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին արգելել էր անել դա։ Սակայն Vogue-ի տեսահարցազրույցի համար նա առաջին անգամ բացառություն է արել։ Երկրպագուները հիացած էին աստղի ոճային բնակարանով, սակայն չէի հասկանում՝ ինչպես են աշխատում լվացարաններն առանց լվացարանակոնքերի։

«Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ջուրը թափվում է հատակի՞ն։ Թե ծորակները չեն աշխատում եւ տեղադրված են միայն որպես զարդ։ Իսկ եթե աշխատում են, ջուրը պետք է թափվի ուղիղ դեմքին՝ հարվածելով հարթ մակերեսին»,- քննարկում էին Քիմի երկրպագուները։

Քանյե Ուեսթի կինը որոշել է վերջ դնել հարցերին։ «Քանի որ բոլորը մի փոքր մոլորվել էին մեր լվացարանների հարցում, մտածեցի ձեզ համար փոքրիկ շրջագայություն կազակերպել»,- Instagram-ի Stories բաժնում պարզաբանել է Քիմ Քարդաշյանը եւ մի քանի հոլովակ հրապարակել։

Քիմը բացատրել է, որ այսպիսի արտասովոր կառուցվածքի գաղափարը պատկանում է իր ամուսնուն։ Նա այն նկարել է, իսկ դիզայները կյանքի են կոչել։ Թվացյալ հարթ մակերեսը թեթեւ թեքություն ունի, ինչի շնորհիվ ջուրը չի թափվում սենյակում։ Ամենացածր հատվածում գտնվում է  ճեղքը, ուր այն հոսում է։ Մակերեսը հատուկ այնպես է պատրաստված, որ ջուրը ցայտուցրիվ չլինի. Քիմը նույնիսկ բացել է ծորակը՝ դա ցույց տալու համար։

Քիմը նաեւ ցույց է տվել, թե շքեղ առանձնատան որ հատվածում է գտնվում հեռուստացույցը։ Այդ հարցը եւս տանջում էր երկրպագուներին։ Պարզվում է՝ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը հեռուստացույց ունի, եւ այն հսկայական է։ Աստղային զույգի բնակարանում էկրանը գտնվում է հատակին։ Այդ պատճառով Vogue-ի տեսանյութում այն ոչ ոք չէր գտել։



© NEWS.am STYLE