Ինչո՞ւ է դա հարկավոր նրան. ինչ է Էմբեր Հերդը դատարանի միջոցով ստացել Ջոնի Դեփից

18:14   19 ապրիլի, 2019

Արդեն 4 տարի է՝ Ջոնի Դեփը եւ Էմբեր Հերդը ճշմարտությունն են պարզում դատարանում, եւ թվում է՝ այդ ամենի ավարտը տեսանելի չէ։ Դեփը տեսահսկման սարքերի ֆիքսած 87 տեսանյութ էր ներկայացրել, որոնցում երեւում է՝ ինչպես է Էմբեր Հերդը հարվածում նրան։ Ջոնի Դեփի խոսքով՝ նախկին կինը կարող էր օղու շշով կտրել իր մատը։ Իսկ Էմբեր Հերդի ներկայացուցիչները շարունակում էին հերքել ամեն բան։ Օրերս դերասանուհին հայտարարել է, որ բազմաթիվ անգամներ ընտանեկան բռնության է ենթարկվել նախկին ամուսնու կողմից նրա կախվածությունների պատճառով։ «Հարաբերությունները սկսելուց մեկ տարի անց ես ականատես եղա, թե ինչպես էր Ջոնին չարաշահում թմրամիջոցներն ու ալկոհոլը»,- ասել է նա։

Այսօր դատարանը որոշում է կայացրել, թե ինչ կստանա Էմբերը Ջոնիի ունեցվածքից։ Ինչպես հայտնում է «Դեյլի Մեյլ» պորտալը, դերասանուհուն բաժին են հասել թանկարժեք ավտոմեքենաներ՝ 2015թ.-ի հազվագյուտ Ford Mustang եւ Range Rover։ Աստղին բաժին է հասել նաեւ կահույք, դերասանի երկու սիրելի շները՝ Պիստոլ եւ Բու անուններով, ինչպես նաեւ Էրոու ձին։ Միայն թե սա ամենը չէ. Ջոնին պարտավոր է Հերդին 7 մլն դոլար վճարել։ Դերասանը սա այդպես չի թողնի։ Ըստ տեղեկությունների՝ նա պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։

Հիշեցնենք՝ 2015թ.-ին Էմբեր Հերդը եւ Ջոնի Դեփը դիմել են ամուսնալուծության համար 15 ամիս տեւած ամուսնությունից հետո։ Այդ ժամանակ դերասանուհին ամուսնուն մեղադրել է ալկոհոլիզմի, ընտանեկան բռնության մեջ եւ մի քանի միլիոնի փոխհատուցում պահանջել։ Արդյունքում Դեփը Էմբերին 7 մլն դոլար է վճարել։ Ի դեպ, դերասանուհին այն ծախսել է բարեգործական նպատակներով։



© NEWS.am STYLE