Լիդուշիկը, Լենա Ղազարյանը, Ռուբեն Սասունցին, Աղասի Իսպիրյանն ու այլք՝ Գյուրջինյան մրցանակաբաշխության մրցանակակիրներ (ֆոտո)

23:03   19 ապրիլի, 2019

Պրոդյուսեր Արփինե Գյուրջինյանն այսօր` ապրիլի 19-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում համախմբել էր արվեստի ոլորտում գործունեություն ծավալող տարբեր ներկայացուցիչների` Գյուրջինյան ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում: Համերգային երեկոյի կիզակետում, հատկապես, պատանի կատարողներն էին: «Տարվա պատանի երգիչ» անվանակարգում մրցանակ ստացավ Դավիթ Վարդանյանը, «Փոքրիկ երգչուհի» անվանակարգի մրցանակը բաժին հասավ Իրինա Թովմասյանի դստերը` Ալյային, իսկ նրա կրտսեր քույրը` Մաշան, ճանաչվեց «Տարվա հմայք»: Ի դեպ, կենսախինդ քույրիկները դահլիճի տրամադրությանն առանձնահատուկ աշխուժություն պարգեւեցին իրենց համատեղ ելույթով:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան տարբեր պարային խմբեր, երգիչներ, եղան նաեւ ակրոբատիկ համարներ: Մրցանակների արժանացան նաեւ Լենա Ղազարյանը, Լիդուշիկը, Ռուբեն Սասունցին, Աղասի Իսպիրյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուզաննա Սահակյանը, Մեգին, փոքրիկ գիտունիկ Միքայելը եւ այլք:

Մրցանակաբաշխությունը վարում էին Լիկա Սալմանյանն ու Արսեն Խաչատրյանը:

Երեկոյի գլխավոր իրադարձությունը պրոդյուսեր Արփինե Գյուրջինյանին մատուցած անակնկալն էր: Վաղը Արփինեն նշելու է ծննդյան տարեդարձը: Այդ առիթով հաղորդավարներն անսպասելի կերպով Արփինեին հրավիրեցին բեմ ու նրան շնորհավորեցին ծաղկեփնջերով, տորթով եւ փուչիկերով:

Համերգի մանրամասները ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE