Հայն ու Հոլիվուդը. հանրահայտ Գոլումին հնչունավորած եւ Մաուգլիի մասին նոր ֆիլմը ստեղծած Էնդի Սերքիսը նշում է 55-ամյակը

15:50   20 ապրիլի, 2019

Ունենալ տաղանդավոր հայրենակից Հոլիվուդում խոստովանեք՝ հաճելի է, հատկապես, երբ նրա ֆիլմերն ու կերպարները ուրույն տեղ ունեն ամերիկյան կինոարտադրության մեջ:

Հոլիվուդի ամենահայտնի հայերից է Էնդի Սերքիսը, որն այսօր՝ ապրիլի 20-ին, նշում է ծննդյան 55-ամյակը:

Հայկական ծագում ունեցող անգլիացի դերասանն առավել ճանաչված է իր անիմացիոն կերպարներով եւ հնչունավորումներով: Նրա հայտնի կերպարներից է «Մատանիների տիրակալը» տրիլոգիայի ֆանտաստիկ հերոսը՝ Գոլումը: Մյուս անիմացիոն կերպարներից են՝ Քինգ Քոնգը, «Կապիկների մոլորակը» ֆիլմից Կեսարը, կապիտակ Հեդոքը՝ «Տինտինի արկարծներ»-ից եւ այլն: Նախորդ տարի կինոսերների ուշադրության կենտրոնում հայտնվեց նրա «Մաուգլի. Ջունգլիների լեգենդը» ֆիլմը, որտեղ Սերքիսը հանդես է եկել ոչ միայն որպես ռեժիսոր, այլեւ մարմնավորել Բալուի կերպարը:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Էնդի Սերքիսի մտքերից մի քանիսը.

«Իմ ընտանիքը միշտ էլ օտարական է եղել, ես էլ ինձ հաճախ օտար եմ զգացել ու մեծացել՝ արդարություն տենչալով այն մարդկանց համար, որոնց հանդեպ խտրականություն է դրվում»:

«Կերպարանափոխվելու արվեստն ինձ համար շատ կարեւոր բան է: Կարծում եմ՝ իմ կերպարների միջոցով ես ավելի ճիշտ մտքեր եմ արտահայտում, որոնք հեռու են ինձանից»:

«Խելացի եղիր, կյանքը կարճ է: Դուրս արի ու արա դա: Բոլորն էլ կարող են դա անել, բոլորը…»:

«Ես, իսկապես, երջանիկ մանկություն եմ ունեցել. հայրս աշխատում էր, մայրս՝ մեծացնում իր հինգ երեխաներին»:

«Մարդիկ ասում են՝ ինչպե՞ս կարող է «Հոբիթը», որ մեկ գրքից է կազմված, վերածվել երեք մասանոց ֆիլմի: Բայց չէ՞ որ մենք կարող ենք վերցնել մեկ նախադասություն, իսկ հետո դրան շարունակություն կցենք»:

«Սկզբում, երբ ինձ հրավիրեցին աշխատելու «Մատանիների տիրակալ»-ում, ասացին, որ ես պարզապես պետք է հնչունավորեմ Գոլումին: Բայց այդպես չէր կարող լինել: Նրան հնչունավորելու համար, ես պետք է նրան խաղայի»:

«Գոլումն, իմ կարծիքով, շատ մարդկային կերպար է, որին բնորոշ են մարդկային բոլոր թերությունները՝ եւ լավ, եւ վատ կողմերը»:

«Խաղը խաղ է, ներկայացումը՝ ներկայացում: Եթե չընկալես ներկայացման միտքը, չես կարող այն ներկայացնել»:

«Հիմա ես ավելի շատ շարժվում եմ դեպի ռեժիսուրա»:

«Մեր օրերում չկա ստաբիլ աշխատանք հասակացություն»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE