«Ես ինքնավստահ եմ, ինձ ամեն ինչ դուր է գալիս իմ մեջ». ինչպես «քաղցած» Ալվուշկին դարձավ Instagram-ի ամենահայտնի հայուհին (ֆոտո)

15:25   22 ապրիլի, 2019

Մեր օրերում հայտնիության կարող են հասնել ոչ միայն երգիչները, դերասաններն ու մոդելները, այլեւ Instagram-ում մարդկանց իրենց տեսանյութերով եւ լուսանկարներով հետաքրքրող մարդիկ, որոնք շատ հաճախ ավելի շատ հետեւորդներ են ձեռք բերում, քան համաշխարհային մասշտաբի աստղերը:

Հայ բլոգերներից Instagram-ում ամենահայտնիներից մեկը Ալվուշկին է՝ Ալվինա Ամիրյանը: Մոսկվաբնակ աղջիկն այսօրվա դրությամբ սոցիալական կայքում ունի ավելի քան 735 հազար հետեւորդ: Ալվուշկին իր հետեւորդների շրջանում հայտնի է զվարճալի տեսանյութերով. օրինակ՝ նա առանց բարդույթավորվելու հազարավոր մարդկանց կարող է ներկայացնել, թե ինչպես է ուտում մի ամբողջ բուրգեր, կամ ախորժելի պիցցան, ցուցադրում է նաեւ, թե ինչպես է վարում ավտոմեքենան, ինչ երաժշտություն է լսում եւ որոնց է պատրաստ ձայնակցել:

Այս օրերին Ալվուշկին Հայաստանում է: Այստեղ պատրաստվում է ապրիլի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալիք իր առաջին վարպետության դասին, որի շրջանակում պատմելու է, թե ինչպես կարելի է սովորական ինստագրամյան էջը վերածել բիզնես հարթակի, ունենալ շատ հետեւորդներ ու Instagram-ը դարձնել աշխատանքի մի նոր կառույց:

Բլոգերի վարպետության դասի վերաբերյալ մի շարք քննարկումներ եղան՝ թե դրական, թե բացասական: Շատերն ուրախ են, որ Երեւանում հնարավորություն կունենան հանդիպելու Instagram-ի ամենապահանջված հայուհուն ու անձնամբ նրանից կլսեն մի շարք խորհուրրդներ, իսկ մի մասն էլ քննադատում է այն փաստը, որ Ալվուշկին հանդես է գալու Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ պատճառաբանելով, որ դա մշակութային հարթակ է: Ալվուշկիի թիմը, սակայն, չի հասկանում նման մեկնաբանությունները, որոնց պատասխանել չեն ցանկանում, բայց հավատացնում են, որ այդ օրը հետաքրքրված մարդիկ մի շարք օգտակար խորհուրդներ կստանան Մոսկվայից ժամանակ բլոգերից:

NEWS.am STYLE-ն օրերս Ալվուշկիին հանդիպել է երեւանյան սրճարաններից մեկում: Մեր ջերմ զրույցը վերածվեց հետաքրքիր հարցազրույցի, որն էլ առաջարկում ենք ձեր ուշադրությանը: Բլոգերն առաջին անգամ հենց մեզ է պատմել իր էջի հաջողության եւ Instagram-ում այդքան շատ հետեւորդներ ունենալու մասին:

Ալվուշկի, երբ գրանցվեցիր Instagram-ում, ի սկզբանե մտադրություն կա՞ր դառնալու բլոգեր:

Ոչ: Ընդհանրապես չէի մտածում այդ մասին, մտքումս էլ չկար հայտնի դառնալը: Դա պատահական ստացվեց: Երեւի՝ 3-4-րդ կուրսում էի սովորում, ինձ հրավիրեցին հարսանիք: Դե, ցանկացած աղջիկ ցանկանում է նման միջոցառմանը գեղեցիկ տեսք ունենալ: Ես էլ գեղեցիկ զգեստ էի ընտրել ու երեք օր հաց չէի ուտում , որ այդ զգեստն ինձ վրա գեղեցիկ նայվեր: Ու այդպես գնում եմ հարսանիք շատ քաղցած ու սկսում արագ-արագ հաց ուտել: Դա ընկերուհիս նկարահանում է իր բջջայինով ու տեղադրում Instagram-ում: Ու այդպես հասկացա, որ follower-ներս կարճ ժամանակում ավելանում են: Մտածեցի՝ չի կարելի պահը բաց թողնել, պետք է զարգացնել էջն ավելի հետաքրքիր տեսանյութերով: Դե, ինձ մոտ ամենից լավը ստացվում է հաց ուտելը (ծիծաղում է), իսկ առաջին գաղտնիքն այն է, որ պետք է տեղադրես այն, ինչ սիրով ես անում եւ ինչն արժանանում է հետեւորդներիդ հավանությանը: Նաեւ սիրում եմ ավտոմեքենա վարել ու երգել զուգահեռ, այդպիսի տեսանյութեր էլ տեղադրեցի, որոնք եւս սիրվեցին: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց:

Որքա՞ն հետեւորդ ունեիր այդ ընթացքում:

Մոտ 1000…Միգուցե, նույնիսկ, ավելի քիչ: Էջս փակ էր, հետո արդեն հանրային դարձրեցի: Իհարկե, այն ժամանակ ինստագրամյան շատ բլոգերներ չկային, այդ ամեն ինչը նոր-նոր էր զարգանում ու երկու-երեք տարվա մեջ այդպես ավելացան հետեւորդներս:

Նկատե՞լ ես՝ որ հրապարակումներն են առավել շատ հետաքրքրություն վայելում:

Չգիտեմ, չկա կոնկրետ հրապարակում: Հնարավոր է՝ գեղեցիկ զգեստով լուսանկար տեղադրեմ, ու դա այդ շրջանում շատ հավանություններ հավաքի, միգուցե լավ երգ տեղադրեմ, եւ դա հավանեն, կամ համեղ բուրգեր ուտեմ ու այդպես… (ծիծաղում է): Այն, ինչ սիրով եմ անում, արժանանում է հավանության: Անգամ, եթե շատ լավ երգի հիման վրա տեսանյութ նկարահանեմ, բայց ես ինքս դեռ չլինեմ այդ երգի մեջ, սիրով չեմ անի: Հաճախ որոշ տեսանյութեր պատահական են նկարահանվում, որոնք եւս տեղադրվում են իմ էջում: Լինում է, որ մտածված տեսնյութեր եմ տեղադրում:

Դու չես վախենում լինել ծիծաղելի, ինչը վկայում են քո տեղադրած հրապարակումները: Մի՞գուցե, հենց դա է գրավում մարդկանց…

Այո, չունեմ բարդույթներ, ինչը գալիս է մանկությունից: Շատ բաց երեխա եմ եղել: Երեւի դա հենց առաջին գրավականներից է: Շատ աղջիկներ խուսափում են տեսանյութեր նկարահանելուց, որովհետեւ դրանցում նրանք մի քիչ ուրիշ տեսք ունեն: Իհարկե, ես որպես բլոգեր, պարտադիր մշակում եմ իմ նյութերը, բայց ծայրահեղ ֆոտոշոփի խնդիր, կարծում եմ, չունեմ: Ես ինքնավստահ եմ, ինձ ամեն ինչ դուր է գալիս իմ մեջ:

Instagram-ի տիրույթում բավականին հայտնի ես, իսկ փողոցում քեզ շա՞տ են ճանաչում:

Իհարկե: Շատ ջերմ էմոցիաներ եմ ապրում, երբ մոտենում են, խոստովանում, որ սիրում են, եղել է, որ արտասվել են: Ինձ այնքան շատ սեր են տալիս, ինչն էլ ավելի է ոգեշնչում, ու հասկանում ես, որ անիմաստ չէ քո ծավալած գործունեությունը: Ես կյանքում վատ բաներ չեմ քարոզում: Վատ մեկնաբանություններն էլ չեմ կարդում ու վատությամբ չեմ պատասխանում:

Instagram-ով գումար աշխատում են հիմնականում գովազդի միջոցով: Ի՞նչ գովազդներ կարելի է տեսնել քո էջում:

Այո, տարբեր գովազդներ են պատվիրում՝ գեղեցկության սրահների, աքսեսուարների, օծանելիքների, ավտովաճառքի, խառը… Instagram-ն այսօր գովազդի ամենամեծ հարթակներից է:

Քո էջում գովազդ ունենալը թա՞նկ արժե:

Տարբեր գներ են: Բայց կարող եմ վստահ ասել, որ գինն իր արդյունքն ունենանում է:

Ամե՞ն ինչ ես գովազդում:

Ոչ: Այն, ինչ կապված է գուշակությունների, մոգությունների հետ, երբեք չեմ տեղադրի իմ էջում: Կամ եթե զգում եմ, որ պրոդուկտը ռեալ չէ, որ այն գովազդելով պետք է ստեմ հետեւորդներիս, անգամ ամենամեծ գումարների դիմաց մերժում եմ, որովհետեւ ես պատասխանատվություն եմ կրում իմ լսարանի առաջ: Բացի այդ, եթե մի բան այնպես չեղավ, ես էլ մեղավոր կլինեմ: Ամեն ինչ ճշտելուց հետո նոր տեղադրում եմ իմ էջում:

Շատերի մոտ տպավորություն է, որ բլոգերներն ամբողջ օրը սոցիալական ցանցի տիրույթում են: Դու որքա՞ն ժամանակ ես անցկացնում Instagram-ում:

Ճիշտն ասած՝ Instagram-ում, նույնիսկ, մյուսների նկարները չեմ հասցնում նայել: Օր է լինում` իմ էջում էլ հրապարակումներ չեմ հասցnում անել, որովհետեւ շատ զբաղված եմ լինում: Բայց բլոգերի համար շատ կարեւոր է ամեն օր ունենալ որեւէ հրապարակում: Եթե մի օր բաց ես թողնում, էջիդ ակտիվությունը կարող է նվազել: Դա աշխատանքի պես մի բան է, պետք  ապրեես դրանով, որ հետո այն քեզ եկամուտ բերի:

Նկատել եմ, որ քո էջում դրականից բացի լինում են նաեւ բացասական մեկնաբանություններ: Ինչպե՞ս ես դրանց վերաբերվում:

Ես չեմ կարդում բացասական մեկնաբանությունները: Եղել է, որ ընկերներս են ուղարկել շատ վատ մեկնաբանություններ, որոնք ուղղակի ծիծաղ են առաջացրել: Ինձ վրա որեւէ ազդեցություն չեն ունենում բացասական մեկնաբանությունները, որովհետեւ ես ամեն ինչ տեսնում եմ՝ տեսնում եմ ինձ, իմ ունեցածը, իմ շրջապատը, իմ մտերիմներին: Քննադատություն միայն մտերիմներիցս եմ լսում, նրանցից, ում հարգում ու սիրում եմ, նաեւ համապատասխան մասնագետներից:

Քո էջին բազմաթիվ մարդիկ են հետեւում, հետաքրքիր է ինչի՞ն ես դու ուշադրություն դարձնում որեւէ էջի հետեւելիս:

Նույնիսկ չգիտեմ… Անծանոթներին չեմ հետեւում: Անծանոթների հետ ուղղակի հենց այնպես չեմ ծանոթանում: Ես գիտեմ՝ Instagram-ն ինչ է, ինչ այնտեղ կարող է լինել… Միգուցե, լինեն ծիծաղելի կամ հետաքրքիր էջեր ու խմբեր, որոնց հետեւեմ, բայց անծանոթ մարդանց էջերին՝ ոչ:

Եղե՞լ է, որ հիասթափվես Instagram-ից ձեռք բերած հայտնիությունից ու ցանկանաս փակել էջդ:

Ոչ… Միակ վատ բանը որոշ մարդկանց կյանքիցս հանելն է եղել…

Այսօր Instagram-ից հայտնի մարդկանց առաջարկում են նկարահանվել ֆիլմերում, սերիալներում, գովազդում: Նման առաջարկեր հաճա՞խ ես ստանում:

Այո, շատ է լինում: Նկարահանվում եմ գովազդներում: Լինում են նաեւ սերիալների, տեսահոլովակների առաջարկներ. որոնք ինձ հետաքրքրում են, դրանցում էլ նկարահանվում եմ:

Խոսենք նաեւ ապրիլի 27-ին կայանալիք քո վարպետության դասի մասին: Ինչպե՞ս միտքն առաջացավ:

Շատ հարցեր կան, որոնք հետաքրքրում են մարդկանց: Խոսքը միայն իմ երկրպագուների մասին չէ: Շատ մարդիկ են ինձ Instagram-ից տարբեր հարցեր տալիս: Ու ես որոշեցի հավաքել այդ հարցերը, իմի բերել պատասխաններն ու ներկայացնել այդ օրը: Օրինակ՝ ինչպես հաղթահարել կոմպլեքսները, հայտնիության լավ եւ վատ կողնմերը, նկարահանման սխալների մասին…

Խոսեցիր լավ ու վատ կողմերի մասին: Քո դեպքում որո՞նք են դրանք:

Պետք է մաքսիմալ կարողանաս քեզ ետ պահել վատ մեկնաբանություններից: Պետք է հականաս՝ դու ով ես եւ ինչ ես անում: Պարզապես շատ մարդիկ չեն կարողանում աչք փակել այդ ամենի վրա: Իմ մասին գրված մեկնաբանությունների 90 տոկոսը՝ արտաքինիս, իմ անձի հետ կապված, երբեմն զարմանք են առաջացնում, թվում է՝ ես իմ մասին այդքան բան չգիտեմ, որքան տվյալ մարդիկ, բայց այդ ամենը սուտ է:

Մրցակիցներդ շա՞տ են այս ոլորտում:

Չէ…Իմ էջի նման էջ ոչ ոք չունի Instagram-ում: Կան շատ երգիչներ պարողներ, հումորիստներ, բայց չեմ տեսել որեւէ աղջկա, որն ինձ նման տեսանյութեր է տեղադրում:

Իսկ այդ հայտնիությունը անձնական կյանքիդ վրա որեւէ կերպ չի՞ ազդում:

Ներկա պահին չունեմ ընտրյալ, բայց եթե ունենամ, երբեք խանդի առիթ չեմ ստեղծի: Իմ Instagram-ն իմ աշխատանքն է: Դրանից դուրս ես իմ պահելաձեւով, շփման տեսակով այնպես եմ ինձ դրսեւորում եւ անում ամեն ինչ, որ խանդի առիթ չտամ:

Instagram-ից դուրս ի՞նչ նախասիրություններ ունես:

Ես հիմա նոր բիզնես եմ սկսում՝ աքսեսուարների ոլորտում, տարատեսակ զարդեր կներկայացնեմ: Ամեն ինչ կլինի իմ ճաշակով պատրաստած: Նաեւ դիմահարդարման դասեր եմ տալիս: Այսքանը երեւի (ժպտում է):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ալվուշկիի Instagram-ից



© NEWS.am STYLE