Երգիչ Սլիման. «Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու»

12:51   23 ապրիլի, 2019

Ֆրանսիացի հայտնի երգիչ Սլիմանը վստահ է՝ Հայաստանում Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու: Հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին հանդես կգա նաեւ The Voice-ի հաղթողը:

Մինչ Հայաստան ժամանելը Սլիմանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Բարեւ, Հայաստա՛ն, ես Սլիմանն են: Հույս ունեմ, որ լավ եք: Կհանդիպենք մի բացառիկ համերգի ժամանակ՝ մայիսի 26-ին Երեւանում: Շնորհակալ եմ նախապես, որ գալու եք մեզ տեսնելու: Իսկապես հիանալի ժամանակ ենք անցկացնելու, վստահ եմ: Փորձեմ ձեզ հայերեն ասել՝ «համբուրում եմ», կարծում եմ, որ այսպես են ասում ՝«պաչիկներ»: Դե, ջերմ համբույրներ»:

Տեղեկացնենք, որ բացի Սլիմանից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն եւ այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս մեծամասշտաբ գլխավոր հովանավորը, կազմակերպիչը եւ աջակիցը ArmCenter ընկերությունն է, աջակիցներն են Աննա Կարոլինա պրոդաքշնը, Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը, vorak.am-ը: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Սլիմանը ծնվել է 1989թ.: 2016-ին դարձել է ֆրանսիական The Voice հեռուստաշոուի 5-րդ եթերաշրջանի հաղթողը եւ դրանից հետո հանրությանը ներկայացրել մեծ հաջողություն վայելող դեբյուտային ալբոմ եւ 9 սինգլ:

Մինչ The Voice-ում հաղթանակը մասնակցել է մի շարք այլ հեռուստաշոուների, սակայն հենց այդ ձեւաչափի շնորհիվ է մեծ ճանաչում ձեռք բերել: Հանդես է եկել նաեւ մյուզիքլներում:

Լուսանկարը՝ Սլիմանի ֆեյսբուքյան էջից

Սլիմանի տեսաուղերձի հղումը



© NEWS.am STYLE