«Ես իմ ուժերով եմ հասել այնտեղ, ինչն ավելի պարտավորեցնող է». «Նոր Ալիք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Տյոմն անկեղծանում է

13:15   23 ապրիլի, 2019

Հպարտություն եւ երջանկություն՝ ահա, թե ինչ է զգում Տյոմն այսօր, երբ արդեն պարզ է, որ հենց ինքն է ներկայացնելու Հայաստանը «Նոր Ալիք 2019» երիտասարդ կատարողների մրցույթում: NEWS.am STYLE-ին երգիչը պատմել է, թե ինչ դժվարությունների միջով է անցել ինքնուրույն՝ առանց որեւէ մեկի աջակցության ուժերը մրցույթի նախընտրական փուլում փորձելիս.

«Իրականում շատ հպարտ եմ, որ այս մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ ես, ու ավելի հպարտ եմ, որ չկա ծանոթ-բարեկամ պահը: Ես իմ ուժերով եմ հասել այնտեղ, ու դա ավելի պարտավորեցնող է, երբ առանց աջակցության գնում ես մրցույթի ու ինքդ քեզանով մասնակցում դրան: Ամեն ինչ կանեմ, որ այս տարի էլ Հայաստանը լավ հորիզոնականում լինի, ինչո՞ւ չէ՝ հաղթենք: Ամեն ինչ կանեմ իմ ուժերի սահմաններում»,-ասում է Տյոմը, որը մրցույթին մասնակցության հայտն ուղարկել է «Նոր Ալիք 2017»-ին Հայաստանը ներկայացրած Սյուզաննա Մելքոնյանի խորհուրդով.

«Մասնակցությունս շատ պատահական է եղել: Երկու տարի առաջվա մեր ներկայացուցիչը՝ Սյուզաննա Մելքոնյանը, շատ ստիպեց ինձ, համոզեց, որ անպայման հայտ ուղարկեմ: Իսկ հայտերի ավարտին մնացել էր ընդամենը երկու օր, ու ես հասցրեցի վերջին օրում հայտս ուղարկել: Այդպես անցա նախընտրական փուլ: Այնտեղ Հայաստանը ներկայացնելու համար եկել էին 10 մասնակից: Տարբեր երգերով եմ հանդես եկել երկու օրերի ընթացքում՝ համաշխարհային հիթ, հեղինակային երգ ու ազգային հիթ: Այս տարի առավել մեծ ուշադրություն էին դարձնում հեղինակային երգերին: Առաջին մրցութային օրը պետք է 10 հօգուց ընտրեին 4 հոգու: Հետագայում իմացա, որ հենց առաջին օրվանից ընտրել էին միայն ինձ: Ու այդպես, կամ ես երկրորդ օրը կանցնեի, ու Հայաստանը կունենար «Նոր Ալիք»-ի մասնակից, կամ չէի անցնի, ու այս տարի մասնակից չէինք ունենա մրցույթում»,-պարզաբանում է «Նոր Ալիք»-ի մեր մասնակիցը՝ հավելելով, որ մրցակցությունը բավականին թեժ է եղել.

«Մրցակցությունն ահավոր դժվար էր: Մոտ 130 մասնակից կար, որոնցից շատերը շատ հայտնի երգիչներ էին: Օրինակ՝ «Վիա Գրա» համույթի երգչուհիներից մեկն էլ էր եկել Ուկրաինայի կողմից, բայց ցավոք՝ չանցավ: Հայ մասնակիցների մեջ էլ կային շատ տաղանդավոր երգիչներ, բայց այս տարի երեւի հերթն իմն էր»:

Վերջին տարիներին հայ մասնակիցների գլխավոր դժվարություններից մեկն այն է, որ «Նոր Ալիք» մրցույթը չունի հայաստանյան պատվիրակություն եւ մեր ներկայացուցիչները ստիպված են ինքնուրույն զբաղվել մրցույթի մասնակցության հարցերով: Իհարկե, այս դժվարությանը բախվել է նաեւ Տյոմը.

«Ես լիովին մենակ եմ գնացել մրցույթի: Հետս միայն ընկերս էր: Հայաստանից արդեն քանի տարի է՝ երգիչներն ինքնուրույն են ներկայանում «Նոր Ալիք»-ին, քանի որ որեւիցե հայկական հեռուստատեսություն չի լուսաբանում այս մրցույթը, հետեւաբար՝ յուրաքանչյուրը, ով ցանկանա, կարող է հայտ ուղարկել եւ մասնակցել մրցույթին: Այդպես ես էլ արեցի ու ավելի եմ գնահատում այս ամենը, քանի որ ինքնուրույն մեկնեցի ու հասա նրան, որ Հայաստանը պետք է ներկայացնեմ «Նոր Ալիք»-ին»:

«Նոր Ալիք 2019» մրցույթը տեղի է ունենալու օգոստոս ամսին՝ Սոչիում: Տյոմը դեռ չգիտի՝ ինչ երգերով է ներկայանալու մրցույթին, սակայն ասում է՝ այս տարի ձեւաչափն այլ է լինելու.

«Այս պահին չեմ կարող մանրամասնել, քանի որ այդ ամենը դեռ քննարկման փուլում է, բայց մայիսից արդեն պարզ կլինի ամեն ինչ, եւ ես կտեղեկացնեմ, թե ինչի մասին է խոսքը»:

Տյոմը հայրենիքում հայտնի է նաեւ X Factor 4 եւ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթներին մասնակցությունից: Ասում է՝ այլ մրցույթների մասնակցելու նպատակ չուներ, բայց ուրախ է, որ «Նոր Ալիք»-ին իր պատահական մասնակցությունը հաջողությամբ պսակվեց.

«Մրցույթների X Factor-ից հետո կարելի է ասել՝ չեմ մասնակցել ու միտում էլ չունեի մասնակցելու, բայց սա շատ պատահական ստացվեց՝ Սյուզաննայի հորդորով, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Արման Փահլեւանյանին,  որ երգերից մեկի գործիքավորումը վերջին րոպեին հասցրեց անել ու, առհասարակ, շնորհակալ եմ բոլորին, ովքեր կողքիս են եղել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Տյոմի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE