«Քրիստոնյային վայել չէ». երկրպագուներին զայրացրել է Քանյե Ուեսթի արտադրած հագուստը Քրիստոսի անվան պատկերով

19:17   23 ապրիլի, 2019

Ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթը Կալիֆոռնիայում Coachella փառատոնի ընթացքում զատկական եկեղեցական արարողություն է անցկացրել եւ սիմվոլիկ նշանակությամբ ապրանք վաճառել church clothes (հագուստ եկեղեցու համար) անվանումով։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Ուեսթի թիմը վրաններ է դրել բաց երկնքի տակ, որոնցում վաճառվել են մոխրագույն եւ բեժ երանգների իրերը. դրանց վրա տարբեր գրություններ են եղել։ Բլուզների վրա գրված էր «կիրակնօրյա պատարագ լեռան վրա», «սուրբ հոգի», որոնք վաճառվում էին 225 դոլարով, «հավատա Աստծուն» շապիկների արժեքը կազմում էր 70 դոլար։ Վաճառվում էին նաեւ «Հիսուսն է գալիս» եւ «եկեղեցական գուլպաներ» գրությամբ գուլպաներ, որոնց արժեքը կազմում էր 50 դոլար։

«Ես սիրում եմ Քանյեին, սակայն մտադիր չեմ սովորական բլուզի համար 225 դոլար ծախսել»,- բողոքել է օգտատերերից մեկը։ «Քանյեն ցանկանում է, որ իրեն լուրջ ընդունեն որպես դիզայներ։ Բայց նա մշտապես զրոյական ստեղծագործական արժեքով հագուստ է պատրաստում եւ օգտվելով իր հանրաճանաչ լինելուց՝ ապրանքը երեք անգամ թանկ է վաճառում»,- գրել է մեկ այլ օգտատեր։

2018թ.-ի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կազմակերպիչները խաղացողներին արգելել են մրցության ընթացքում կրել Yeezy սպորտային կոշիկները. խոսքը Քանյե Ուեսթի ապրանքանիշի մասին է։ Նյութը, որն օգտագործվել էր որպես դիզայնի տարր, կոշիկներն անպետք էր դարձրել խաղի համար։  



© NEWS.am STYLE