«Կալինինգրադում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ կկայանա». Թարիվերդիեւի այրի

21:11   24 ապրիլի, 2019

Կալինինգրադում կկայանա համերգ նվիրված 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին Facebook-յան էջում հայտնել է կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի այրին՝ Կալինինգրադի մայր տաճարի տնօրեն, երաժշտագետ Վերա Թարիվերդիեւան։ 

«Վաղը մենք համերգ կնվիրենք այդ օրվան մայր տաճարում»,- գրել է Թարիվերդիեւան՝ նշելով, որ միջոցառումը նվիրված է այդ օրվան եւ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։ «Նա եւս զոհ է եւ խորհրդանիշ։ Իր ազգի մեծ մշակույթի խորհրդանիշը։ Սպասում ենք ձեզ։ Կհնչեն դուդուկի, սոպրանոյի,  երգեհոնի հնչյուններ։ Եվ Կոմիտասի երաժշտությունը»,- նշել է երաժշտագետը։

Կոմպոզիտորի այրին հրապարակումն ուղեկցել է լուսանկարով, որն արվել է Արցախ գնալու ճանապարհին։ «Այս լուսանկարն արել եմ Երեւանից Ղարաբաղ ճանապարհին, ուր մենք համերգներ ենք ունեցել եւ հույս ունեմ՝ կրկին կլինեն։ Ես ցանկացա այն այսօր հրապարակել՝ ապրիլի 24-ի նախօրենին, Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրենին։ Այդ օրը, որտեղ էլ լինեմ, ձգտում եմ հայկական եկեղեցի գնալ։ Որտեղ էլ լինի այդ եկեղեցին, միշտ շատ մարդու եմ հանդիպում։ Տարբեր տարիքի։ Բայց այդ օրը նույն կերպ հիշող մարդկանց։ Այսօր, որովհետեւ ուզում եմ շնորհավորել հայ ազգին իր ընտրության առիթով։ Եվ այդ ընտրության հաղթանակի առիթով»,- գրել է Թարիվերդիեւան։

Հայտնի հայի այրին մեջբերել է նաեւ Միքայել Թարիվերդիեւի մոր խոսքերը, որոնք ուղղված էին որդուն։ «Ինչպես «Իմ որդուն» տետրում գրել է Սաթո Գրիգորեւնան (Միքայել Լեոնովիչն այդ տետրը պահում էր ամբողջ կյանքում, հիմա ես եմ պահում), «Մենք քիչ ենք, բայց մենք հայ ենք»»,- նշել է նա։

Լուսանկարը՝ Музыкальное обозрение



© NEWS.am STYLE