«Նենեգա, ես հիշում եմ». Մարգարիտա Սիմոնյանը սարսափելի մանրամասներ է պատմել ցեղասպանությունից տուժած նախատատերի կյանքից

14:04   24 ապրիլի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը որոշել է ներկայացնել իր ընտանիքի պատմությունը, որն, ինչպես պարզվեում է, եւս տուժել է այդ սարսափելի տարիներին։ Խոսքը նրա նախատատերի մասին է։

«Իմ Նենագան, Նարուտի Ներսեսյանը չէր կարողանում կարդալ, բայց ինձ սովորեցրել է աղոթել, վախենալ Աստծուց եւ չվախենալ մարդկանցից։ Գրեթե բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքում յաթաղան կա։ 1915թ.-ին նրա աչքի առաջին յաթաղաններով կտրել են նրա ծնողների, եղբայրների ու քույրերի գլուխները։ Ավագ, ամուսնացած քույրը խուսափել է բռնաբարությունից. նետվել է բարձր ափից ու խեղդվել։ Ողջ են մնացել Նարուտին եւ նրա կրտսեր քույրը՝ Ալինսան. ի պատիվ նրա հետագայում անվանել են իմ կրտսեր քրոջը։ Նրանց հայրը մահվանից առաջ հասցրել է նրանց ոսկեդրամ տալ, որը նախատատս թաքցրել է այտի ետեւում։ Նրանց երկուսին՝ կապուտաչյա, բաց մազերով երեխաներին, վերցրել են թուրքական ընտանիք. փոքրիկ, գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողնում։ Նրանք մեծացել են թուրքական ընտանիքում,մինչ նենեգային գտել են ողջ մնացած հարազատները եւ օգնել փախչել Ղրիմ։ Այդպես իմ ընտանիքի հայրական ճյուղը բնակվել է ռուսական Ղրիմում։ Ինչ է կատարվել նենեգայի քրոջ հետ, մենք չգիտենք»,- կիսվել է Սիմոնյանը։

Տիգրան Քեոսայանի կնոջ երկրորդ նախատատն այդ ժամանակ մոտ 5 տարեկան է եղել։ Նա նույպես հրաշքով է փրկվել։ «Նախքան յաթաղաններով մարդիկ տուն են մտել, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ եւ հենել պատին։ Նա այնտեղ կանգնած է եղել ու լսել՝ ինչպես են սպանում իր հարազատներին։ Իսկ ընտանիքներն այն ժամանակ մեծ էին, եւ նա այդ կերպ երկար է կանգնած եղել։ Նրան այդպես էլ չեն նկատել։ Նա այպես կանգնած է մնացել, մինչ հարեւանները նկատել են»,- պատմել է Մարգարիտա Սիմոնյանը։

Հրապարկման ավարտին նա գրել է. «Նենեգա, ես հիշում եմ»։

Լուսանկարները՝ Валерия Шарифулина/ТАСС



© NEWS.am STYLE