«Հիշում ենք ու պահանջում». Մարիամ Մերաբովայի նախնիները դաժանորեն սպանվել են 104 տարի առաջ

16:44   24 ապրիլի, 2019

Երգչուհի, «Ձայնը», «Երեք ակորդ» շոուների մասնակից Մարիամ Մերաբովան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ներկայացրել է իր հարազատների սպանության շոկային պատմությունը։ Նա ընտանեկան արխիվից մի քանի լուսանկար է հրապարակել։

«Այս մարդիկ իմ ընտանիքն են։ Մեջտեղում նստած են իմ նախատատ Մարիամը եւ նախապապ Մինասը։ Նրանց շուրջ երեխաներ են։ Աջից նստած է պապս՝ Նիկոլայը՝ մայրիկիս հայրը։ Նրա կողքին է ավագ եղբայրը՝ Սողոմոնը։ Իմ Մարիամ նախատատի կողքին կանգնած է Սոնյան, որն այդ ժամանակ արդեն ընդունվել էր Մյունխենի գեղարվեստի ակադեմիա։ Մյուս լուսանկարում Սողոմոնն իր կնոջ հետ է։ Ուղիղ 104 տարի առաջ իմ ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել. Էրզրումում՝ իր ամառանոցնում, թուրքերը վայրենաբար սպանել են եւ կտրել Սողոմոնի եւ կնոջ, երկու երեխաների գլուխները (կրտսերը 3 տարեկան էր), ինչպես նաեւ Սոնյային, որը նրանց մոտ էր եկել արձակուրդն անցկացնելու։ Սոնյան, ինչպես պատմում է ընտանեկան լեգենդը, դիմադրել է եւ փորձել իրեն սպանել ատրճանակով»,- պատմել է Մարիամը։

Մերաբովայի խոսքով՝ իր ընտանիքն ընդամենը հազարավորներից մեկն է, որին առնչվել է այդ դժբախտությունը՝ 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը։ Երգչուհուն զայրացնում է, որ Թուրքիան մինչ այժմ չի ճանաչել այդ փաստը։

«Դա նման է նրան, եթե Գերմանիան չընդուներ Հիտլերի չարագործությունները եւ չզղջար ամբողջ աշխարհի առաջ։ Մենք բոլոր Հիշում ենք եւ Պահանջում ճանաչում»,- գրել է Մարիամը՝ նշելով, որ երկրների մեծամասնությունը ճանաչել է ցեղասպանության փաստը։  



© NEWS.am STYLE