Լավ մոռացված հինը. Հրաշքը դո՛ւ էիր. «Շտապիր սիրել»

20:33   25 ապրիլի, 2019

Սերը մի ինչ-որ անընդգրկելի բան է, մաքուր, լուսավոր, համակում է քեզ ամբողջովին, այն է, առանց որի մարդ պարզապես չի կարող, եւ այն է, հանուն որի արժե ապրել։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է Նիկոլաս Սփարքսի համանուն վեպի էկրանավորումը՝ «Շտապիր սիրել» ֆիլմ-մելոդրամը, որը նկարահանվել է 2002-ին։

Ռեժիսորն է Ադամ Շենքմանը, գլխավոր դերերում՝ Շեյն Ուեսթ եւ Մենդի Մուր։

Լենդոն Քարթերը դպրոցի կուռքն է։ Եվ իհարկե, չի նկատում անբարետես Ջեյմիին, որը մտածում է միայն ուսման մասին։ Հերթական հիմար արարքից հետո Լենդոնին ստիպում են զբաղվել հետ մնացողների հետ եւ խաղալ դպրոցական ներկայացման մեջ։

Ջեյմին համաձայնում է օգնել Լենդոնին, բայց եթե վերջինը խոստանա, որ չի սիրահարվի իրեն։ Ինքնահավան տղան հաճույքով երդվում է, բայց շուտով համոզվում, որ խոստումը պահելը բոլորովին դյուրին չէ...

«Շտապիր սիրել»-ը պատմություն է, որը լիովին փոխում է մեր աշխարհայացքը եւ վերաբերմունքը կյանքի հանդեպ։

Սա ֆիլմ է սիրո մասին, անկաշառ, քնքշությամբ ու լույսով լի սիրո, ընտրության մասին, այն մասին, թե ինչպես է այդ ընտրությունը փոխում կյանքը, այն մասին, թե որքան ծանր է կորցնել հոգուդ մի մասնիկը, եւ սիրելի մարդու հետ անցկացրած ժամանակը ամենալավն է...

Վաղուց, շատ վաղուց, երբ առաջին անգամ դիտեցի ֆիլմը, ինձ թվաց, թե «Շտապիր սիրել»-ը արտասովոր ֆիլմ է՝ պատանեկան ու դպրոցական սիրո մասին բանալ պատմությամբ, բայց այնտեղ մի բան սրտիս կպավ՝ հետք թողնելով հոգուս մեջ։ Դժվար է բացատրել, թե ինչու է կինոնկարն այդքան լավը. այնտեղ նորարարական սցենարային մտքեր, հանճարեղ ռեժիսուրա չկա, չկա միտքդ գերող օպերատորական աշխատանք եւ անգամ փայլուն դերասանական խաղ չկա։ Ամեն բան ավելի քան ստանդարտ է, բայց...

Անձամբ իմ կարծիքն է՝ ֆիլմը գերում է մարդկայնությամբ եւ մաքրությամբ։ Մանավանդ հիմա՝ մեր կեղծավոր, շահամոլ, երկերեսանի, անհոգի ու անբարո դարում, երբ «ես քեզ սիրում եմ» բառերը դարձել են հաճախ ոչ այնքան ազնիվ նպատակներին հասնելու մեթոդ։

Իսկ այստեղ ֆիլմը շատ պարզ ու հասանելի մեզ ցույց է տալիս, որ հրաշքին սպասել պետք չէ. մենք բոլորս կարող ենք դառնալ հրաշք ինչ-որ մեկի համար, իսկ այդ ինչ-որ մեկն այդպիսին կարող է դառնալ մեզ համար։

Սփարքսի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ, որը համարվում է մելոդրամի վարպետներից մեկը, նկատեմ, որ սա հենց այն դեպքն է, երբ ֆիլմը գրքից լավն է։

Կինոնկարը, ի դեպ, շատ ճիշտ եւ ուժեղ երաժշտական բաղադրիչ ունի, հատկապես Only Hope երգը, որը շատ լավ է ներգրվել սյուժեում եւ ներկայացնում է ֆիլմի բովանդակությունը։

Շտապեք սիրել...

Հաճելի կինոդիտում,

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE