Նարեկ Դուրյանի նոր մոնո-կատակերգությունը, զավեշտալի պատմություններն ու 60-ամյակի անակնկալները (ֆոտո/վիդեո)

23:20   26 ապրիլի, 2019

Բեմում աղոտ լույս, պարաններ, տիկնիկներ ու անսպառ թեմաներ, որոնք հանդիսատեսին ներկայացվեցին հումորային տեսանկյունից:

Այսօր` ապրիլի 26-ին, Նարեկ Դուրյանն ավանդույթի համաձայն` իր հարազատ «Բոհեմ» թատրոնի բեմում նշեց ծննդյան 60-ամյակը: Հանդիսատեսից դերասանը որպես նվեր ստացավ բուռն ծափահարություններ եւ անկեղծ ծիծաղ, իսկ ներկայացման ավարտին գործընկերներից` ծննդյան տորթ եւ անակնկալներ:

Բայց նախ` անդրադառնանք Դուրյանի ծննդյան օրը ծնունդ առած ներկայացման սկզբին եւ ընթացքին:

«Սիրո մենյու»` այսպես է կոչվում նոր մոնո-կատակերգությունը, որի «ճաշացանկում» սիրո տարբեր դրսեւորումներն են` սեր շոու-բիզնեսի, ուտելիքի, խռմփոցի, մասնագիտության, տաղանդավոր մարդկանց հանդեպ, ու սեր` երկու անձաց միջեւ` մեծ սեր, ինչպես դա իր օրինակներով ներկայացրեց դերասանը: Դուրյանի պատմություններից անմասն չմնացին նաեւ Պարույր Սեւակը, Մհեր Մկրտչյանը եւ, իհարկե, հայրը`հայտնի եւ նշանավոր դիրիժոր Օհան Դուրյանը:

«Տաղանդավոր մարդիկ ամեն ինչի մեջ են տաղանդավոր, նույնիսկ, իրենց միամտության»,-նկատեց դերասանը:

Դուրյանն անդրադարձավ նաեւ իր հայտնիությանն ու իրեն փողոցում ճանաչելու ձեւերին, որոնց ամենազավեշտալին թերերս այն դեպքն էր, երբ փոքրիկ տղան նրան Նազենի Հովհաննիսյան է անվանել: «Միգուցե նմա՞ն ենք»,-կատակեց նա:

Դերասանն անդրադարձավ նաեւ բժիշկներին, ոստիկաններին, 50 անց կանանց, հայտնի տղամարդու կողքին լինելու դժվարություններին, կին-տղամարդ հարաբերությոններին, աշխարհին հայտնի տարօրինակ օրենքներին, զավեշտալի գովազդային հոլովակներին եւ շատ այլ թեմաների:

«Ինչպես կյանքում, այնպես էլ թատրոնում նոր տիկնիկների պահանջարկն է մեծ, որոնք շարժվելիս չեն ճրճռում։ Երբեմն ներկայացումից հետո ես ուժասպառ նստում եմ, իսկ երիտասարդները խոսում են, քննարկում։ Ի՞նչ մեղքս թաքցնեմ՝ մի քիչ նախանձով նայում եմ այս խենթուկներին եւ հիշում ինձ այս տարիքում։ Նայում եմ նրանց եւ ասում, որ ամեն տարիք իր խենթությունն ունի։ Վիճեք, քննարկեք եւ ստեղծագործեք, իսկ ծափահարություններ ստանալու համար էլ՝ ծափահարեք ուրիշներին»,-ներկայացման վերջում վարպետն իր խորհուրդը տվեց թատրոնի երիտասարդ սաներին:

Իսկ հետո… բեմ բարձրացան նրանք՝ նույն այդ երիտասարդները, որոնք իրենց սիրելի ուսուցչին շնորհավորեցին երգով ու ջերմ մաղթանքներով:

Տեսանյութը՝ NEWS.am STYLE-ում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE