Վարսահարդարի խորհուրդները. մազերի շերտավոր ներկում

21:38   26 հունիսի, 2013

Մազերի շերտավոր ներկումը պատասխանատու գործ է, որն ավելի լավ է վստահել մասնագետին: Իսկ եթե վստահ եք ձեր ուժերին, ուրեմն գործի անցեք: NEWS.am STYLE-ը դիմել է վարսահարդար Լուսինե Գրիգորյանին՝ խորհուրդներ ստանալու ակնկալիքով:

«Տնային պայմաններում մազերը շերտավոր ներկելու համար անհրաժեշտ են.

ներկ (ձեր ընտրությամբ);

նրբաթիթեղ;

սանր;

ներկի համար տարա;

ներկը քսելու համար վրձին;

մի քանի հերակալ;

ուսերը ծածկելու համար թիկնոց:

Նրբաթիթեղը պետք է մազերից 3-4 սմ ավելի երկար լինի: Վերցնում ենք փոքրիկ մազափունջը, որը պետք է ներկենք, ներքեւից մազարմատների հատվածից դնում ենք նրբաթիթեղը: Ներկը քսում ենք մազափնջին, նրբաթիթեղը փաթաթում: Այս հատվածը «թերթում ենք» հակառակ կողմ: Այնուհետեւ առանձնացնում ենք հաջորդ մազափունջը եւ հերակալով ամրացնում նրբաթիթեղին: Այդ փունջը չենք ներկում: Եվ այսպես՝ հաջորդականությամբ:

Ներկը պետք է մազերին թողնել 20-50 րոպե: Բայց յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ցանկալի է բացել նրբաթիթեղը եւ ստուգել գույնը»:



© NEWS.am STYLE