«Չէի կարծում, թե ոճս, հագուստս երբեւէ կհամարվեն սկանդալային, բայց ինչպես հասկանում եմ՝ դա իրոք այդպես է». Անյա Սահակյան

17:05   28 ապրիլի, 2019

Դերասանուհի Անյա Սահակյանին այս շրջանում երկրպագուները բավականին հաճախ են տեսնում հեռուստաէկրաներին: Մի նախագծում նա վայրի է, հանդուգն եւ ըմբոստ, մյուսում ներկայանում է թեթեւ, հումորային ժանրում: Խոսքը «Ավազե դղյակը» հեռուստասերիալի եւ New School Comedy նախագծերի մասին է, որոնք հեռարձակվում են «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:

Դերասանուհին, ի դեպ, միշտ խոստովանել է, որ բավականին բծախնդիր է վերաբերվում նախագծերի ընտրությանը.

«Երբ կարդացի կերպարային գիծս, սցենարն ինձ շատ դուր եկավ: Նաեւ նշեմ, որ երբեւէ բացասական կերպար չէի կերտել, ցանկացա դա էլ փորձել եւ կարծում եմ՝ հաջողվեց: Ահա, թե ինչու ընդունեցի նկարահանման առաջարկը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:

Անյան ֆիլմում մարմնավորում է Ալլային՝ մի հերոսուհու, որն առավել աչքի է ընկնում բացասական գծերով, սակայն նրան կերտելով` դերասանուհին հասցրել է նկատել նաեւ դրական կողմեր.

«Դրական է այն, որ նա ուժեղ է եւ ինքնավստահ, կյանքով լեցուն: Բացասական կողմն այն է, որ նա որեւիցե սահման չունի, անում է այն, ինչ ցանկանում է՝ հաշվի չառնելով ոչ իր հարազատներին, ոչ էլ ընկերներին: Հենց դա էլ նրան բերեց ողբերգական կարգավիճակի»:

Իր հերոսուհու հետ Անյան շատ ընդհանրություններ չի տեսնում, ասում է` նման են միայն «կյանքով լեցուն» լինելով:

Խոսելով իր մարմնավորած համարձակ կերպարների եւ հաճախ բավականին ռիսկային տեսարանների մասին` Անյան նշում է.

«Ես դա նորմալ եմ համարում: Երբ ընտրում ես արվեստը, հատկապես դերասանությունը, պետք է հասկանաս, որ կերպար մարմնավորելու համար անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի այն հաջողված լինի: Դա համարձակ քայլ է Հայաստանում, բայց ոչ դերասանական արվեստի մեջ»:

Դերասանուհին ասում է` իրեն հետաքրքիր են բոլոր տեսակի կերպարները, քանի որ իրեն սիրում է փորձել տարբեր կողմերից: Իսկ հարցին, թե ինչու են իրեն հիմնականում բաժին հասնում սկանդալային եւ ըմբոստ հերոսուհիներ, պատասխանում է.

«Միգուցե արտաքինից է գալիս եւ իմ ոճից: Չէի կարծում, որ ոճս, հագուստս երբեւէ կհամարվեն սկանդալային, բայց ինչպես հասկանում եմ՝ դա իրոք այդպես է»:

Դերասանուհին անդրադարձավ նաեւ իր մասնակցությամբ հումորային նախագծին` New School Comedy-ին: Նախագծի անդամերը առաջին իսկ եթերային օրը շեշտեցին, որ իրենց հումորը տարբերվելու է մինչ այսօր հնչածներից.

«Աշխատում եմ լավ թիմի հետ, թիմակիցներս կիրթ մարդիկ են, շրջապատված եմ տաղանդավոր գործընկերներով:

Հաշվի առնելով, որ դերասանական աշխարհում իմ ճանապարհը սկսվել է КВН-ից, իհարկե, ինձ հումորային ասպարեզն ավելի մոտ է, բայց քանի որ արդեն շատ կերպարներ եմ կերտել, որոնք դրամատիկ են եւ ավելի լուրջ, դրանք եւս նույնչափ հոգեհարազատ են դարձել»,-շեշտեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անյա Սահակյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE