Լոնդոնում կայացած Miss USSR UK գեղեցկության մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել է Հայաստանի 18-ամյա ներկայացուցիչ՝ Անգելինա Չոբանյանը, որի օգտին մրցույթի պաշտոնական կայքում քվեարկել է հանդիսատեսի մեծ մասը։
Գեղեցկուհու հասակը 174 սմ է, ծնունդով նա Բելառուսից է, սովորում է Անգլիայում։
Ինքն Անգելինան պատմել է, որ մանկուց փորձել է տարբեր մարզաձեւերով զբաղվել, տարատեսակ հոբբիներ ուներ, սակայն նրա ամենամեծ հետաքրքրությունը՝պարահանդեսային պարերն են։
«Պարային արվեստը շատ հարցերում ձեւավորել է անհատականությունս։ Դրա շնորհիվ բազմաթիվ հմտություններ եմ ձեռք բերել․ ավելի համբերատար եմ դարձել, պայքարող եւ նպատակասլաց, ինչպես նաեւ ավելի ընկերասեր եւ շփվող։ Սովորեցի ինձ համար բարձր նշաձող սահմանել», - նշել է Չոբանյանը։
Անգելինան հաճախել է գեղարվեստական դպրոց, նրա կտավները ցուցադրվել են Չինաստանում եւ Ֆրանսիայում։ Գեղեցկուհին ավարտել է հայտնի Bromsgrove School մասնավոր դպրոցը։ Այժմ սովորում է Courtauld Institute of Art–ի Արվեստի պատմություն ֆակուլտետում։ Գիտական աստիճան ստանալուց հետո նա նախատեսում է արտ–դիլեր դառնալ։
Նա նաեւ երազում է մարդկանց օգնելու մասին։
«Նվիրական երազանքս օժտված մարդկանց օգնելն է, հատկապես` աղքատներին եւ թշվառներին, որպեսզի բացահայտեն իրենց տաղանդը», – խոստովանել է Անգելինան։
Miss USSR–ը միջազգային նախագիծ է։ Շոուին մասնակցում են ԽՍՀՄ նախկին երկրների ամենագեղեցիկ աղջիկները։