Gucci-ին ծաղրել են 700 եվրո արժողությամբ «ծաղրածուի կոշիկների» համար

14:11   29 ապրիլի, 2019

Իտալական Gucci նորաձեւության տանը քննադատել են տղամարդկանց համար նախատեսված  «ծաղրածուի կոշիկների» պատճառով, հայտնում է Daily Mail-ը։

Խոսքը բեժ գույնի սպորտային սանդալների մասին է, որոնց դիմացի հատվածը ներկված է կարմիրով։ Կոշիկը պատրասված է կաշվից, նեոպրենից, ռետինից եւ ցանցից։ Հասանելի է նաեւ կանանց համար նախատեսված տարբերակ՝ մորեգույն-ոսկեգույն երանգներով։  

Ապրանքանիշի երկրպագուներին դուր չի եկել սանդալների դիզայնը, ինչի մասին նրանք հայտնել են Twitter-ում։ Նրանց մի մասը կատակել է, որ դրանք պետք է պատկանեն «Մակդոնալդս» ռեստորանների խորհրդանշային կերպար Ռոնալդ Մակդոնալդին եւ դրանք «ծաղրածուի» անվանել։ «Հնարավոր է՝ աղքատ լինելն այդքան էլ վատ չէ»,- գրել են օգտատերերը։

Gucci-ի պաշտոնական կայքում կոշիկները վաճառվում են 700 եվրոյով։

Սա առաջին անգամը չէ, երբ Gucci-ն երկրպագուներին զարմացնում է արտասովոր կոշիկներով։ Մարտին իտալական նորաձեւության տունը «կեղտոտ» կոշիկներ է թողարկել, որոնց արժեքը կազմում էր 870 դոլար։ Գնորդներին առաջարկում էին ընկերության կարմիր-կանաչ գծերով զարդարված կոշիկներ, որոնք մաշված էին եւ գունաթափված տեսք ունեին։

Լուսանկարները՝ matchesfashion.com



© NEWS.am STYLE