250 հայտ, 1 հաղթող եւ 1 միլիոն դրամի պայմանագիր. Oriflame ընկերությունը համախմբել էր Հայաստանի պրոֆեսիոնալ եւ սկսնակ դիմահարդարներին

18:04   29 ապրիլի, 2019

Oriflame ընկերությունը, լինելով Հայաստանում նորաձեւության իրադարձությունների կազմակերպման առաջատարներից մեկը, իր հերթական միջոցառման շրջանակում համախմբել էր հանրապետության բազմաթիվ դիմահարդարների: Ընկերության նախաձեռնած The One Beauty Award մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 250 դիմահարդար, որոնց շարքերում կային ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ սկսնակներ: Մրցույթի մեկնարկը տրվել էր փետրվարին. 60 մասնակից անցել են մրցութային երեք փուլերով, որոնց արդյունքում ընտրվել էր լավագույն 15-ը, այնուհետև՝ թոփ-հնգյակը (Ադրինե Իսայանը, Արմինե Գրիգորյանը, Չինար Կիրակոսյանը, Գայանե Հայրապետյանը, Մանե Աղաջանյանը): Հենց նրանք էլ ապրիլի 27-ին մասնակցեցին մրցույթի եզրափակիչ փուլին:

Աղջիկները, օգտագործելով բացառապես Oriflame ընկերության The One շարքի կոսմետիկ միջոցներ, հանդիսատեսի եւ հյուրերի առջեւ կատարեցին եզրափակիչ առաջադրանքը, որն էր՝ ստեղծել կարմիր գորգին համահունչ դիմահարդարում, որը պետք է լիներ թեթեւ, թարմ եւ ոճային, միեւնույն ժամանակ՝ զերծ ավելորդ ծանրությունից եւ արհեստականությունից: Յուրաքանչյուր մասնակից աշխատանքն ավարտելու համար ուներ մեկ ժամ, իսկ մոդելներն ընտրվել էին այնպիսի չափանիշներով, որպեսզի նույնիսկ այդ առումով դիմահարդարները լինեին հավասար հարթության վրա: Նրանք բոլորը կրում էին դիզայներ ֆաինա Հարությունյանի զգեստները:

Մոտ երեք ժամ տեւած միջոցառման ավարտին պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը, որոնց շարքում էին դիմահարդար Հրանուշ Եղոյանը, դիզայներ Ֆաինա Հարությունյանը, ԱՊՀ երկրներում «Օրիֆլեյմի» պաշտոնական դիմահարդար Ալյոնա Տերեշչենկոն եւ ոճաբան Նարինե Սիմոնյանը, ընտրեց հաղթողին. «Օրիֆլեյմ» Հայաստանի պաշտոնական դիմահարդար ճանաչվեց Արմինե Գրիգորյանը, որն արժացավ 1000000 դրամի պայմանագիր կնքելու և «Օրիֆլեյմի» պաշտոնական դիմահարդարը դառնալու կոչմանը: Սակայն կազմակերպիչները չսահմանափակվեցին միայն մեկ հաղթողով: Նրանք հավաքվածներին հնարավորություն տվեցին քվեարկելու եւ ընտրելու իրենց նախընտրած մասնակցին: Ձայների մեծամասնությամբ՝ The One Beauty Award-ի «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին արժանացավ Գայանե Հայրապետյանը: Նա Oriflame ընկերության կողմից ստացավ պրոֆեսիոնալ դիմահարդարման Բյութի-ստուդիա:

«Առաջին տարին ենք անցկացնում այս մրցույթը: Ասեմ, որ այն ունի միջազգային երանգ՝ զուգահեռ անցկացվում է ԱՊՀ բոլոր երկրներում: Oriflame ընկերությունը հավատում է, որ գեղեցությունը համապարփակ գաղափար է: Մեզ համար գեղեցկությունը ոչ միայն կնոջ արտաքին տեսքն է, այլեւ այն, թե ինչպես է նա իրեն զգում: Գեղեցկությունն առաջին հերթին կենսակերպ է: Մենք վստահ ենք, որ գեղեցկությունը նաեւ ինքնազգացողություն է եւ ցանկություն գնալ երազանքների հետեւից: Ոգեշնչվելով այս ամենից` որոշեցինք հանդես գալ դիմահարդարների մրցույթով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց  «Օրիֆլեյմ» Հայաստան ընկերության տնօրեն Նաիրա Մարգարյանը`հավելելով, որ լավագույններին ընտրելու գործընթացը հեշտ չի եղել.

«Ընտրությունը հեշտ չէր. մենք ցանկացանք, որ մեզ միանա նաեւ ոլորտի պրոֆեսիոնալ, եւ հրավիրեցինք Հայաստանի առաջատար դիմահարդարներից մեկին`Հրանուշ Եղոյանին, որպեսզի ապահովեինք անաչառություն ու պրոֆեսիոնալ հայացք՝ այն ամենը, ինչը մեզ հնարավորություն կտար ընտրել լավագույնին: Եզրափակիչում հայտնված բոլոր 5 աղջիկներն էլ շատ տաղանդավոր են: Այսօր շատ նորաձեւ են արհեստական տարբեր միջամտությունները, սակայն մենք, որպես շվեդական ընկերություն, վստահ ենք, որ պետք է ընդգծել կնոջ բնական գեղեցկությունը»:

Նաիրա Մարգարյանը մրցույթի գեղեցիկ կողմերից մեկն այն է համարում, որ պրոֆեսիոնալ եւ սկսնակ դիմահարդարները հնարավորություն են ունեցել մրցելու միեւնույն հարթակում եւ յուրաքանչյուրին էլ հնարավորություն էր տրված դառնալու եվրոպական առաջատար ապրանքանիշի ներկայացուցիչը:

«Լինելով շվեդական ընկերություն՝ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք յուրաքանչյուրին ընդգծել իր անհատականությունն ու ինքնատիպությունը, դրա համար ունենք արտադրանքների լայն տեսականի»,-շեշտեց նա:

Մրցույթի սկզբից մինչեւ վերջ մասնակիցներին դիմահարդարման խորհուրդներով օգնել եւ ոգեշնչել է Հայաստանի ամենաաստղային դիմահարդարներից մեկը՝ Հրանուշ Եղոյանը: Արդեն 12 տարի միջազգային հարթակներում ժյուրիի անդամ լինելու փորձ ունեցող դիմահարդարը NEWS.am STYLE-ին պատմեց, որ թեեւ այդ կարգավիճակում ներկայանալն իր համար այլեւս դժվար չէր, սակայն պատասխանատվությունը ծանր էր ու մեծ.

«Բոլոր աղջիկներին շատ սիրում եմ ու հարգում նրանց աշխատանքը, բայց այսօրվա ընտրությունը կատարելիս` հաշվի ենք առել տվյալ բրենդի կոնտեքստին առավել համապատասխան լինելը: 250 մասնակիցն իսկապես լուրջ թիվ է Հայաստանի համար: Այստեղ հարցը միայն լավ դիմահարդար ընտրելը չէր, այստեղ խնդիրը նաեւ բրենդը ճիշտ ներկայացնելն էր»,-ընդգծեց դիմահարդարը, որն էլ աղջիկներին խորհուրդ էր տվել ներկայացնել թարմ, արդի, 21-րդ դարին համապատասխան դիմահարդարում՝ խուսափելով արեւելյան ոճին հատուկ տարրերից:

Անդրադառնալով հաղթողի ընտրության սկզբունքներին՝ Հրանուշը նշեց.

«Տեխնիկական մասից սկսած մինչեւ դիմահարդարման վերջնական արդյունքը՝ ամեն ինչին ուշադրություն եմ դարձրել՝ կանգնած դիրքին, կեցվածքին, գեղեցիկ աշխատելուն, որովհետեւ մեր աշխատանքի մեջ այդ տեխնիկական պահերը շատ կարեւոր են, այդ ամենն իրար հետ բերում են համապատասխան արդյունքի»:

Ինչ վերաբերում է ընկերության մյուս նախաձեռնություններին՝ տնօրեն Նաիրա Մարգարյանը վստահեցրեց՝ Oriflame շվեդական ապրանքանիշը, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, շարունակելու է մատակարարել միայն որակյալ եւ բնական հումքից պատրաստվող կոսմետիկ միջոցներ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE