Հայաստանում 17-րդ անգամ կմեկնարկի «Արմմոնո» փառատոնը. ներկայացումներ կբեմադրվեն նաեւ մարզերում

14:15   30 ապրիլի, 2019

ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի եւ Հայաստանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ ապրիլի 30-ից մայիսի 4-ը Երեւանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Փառատոնին կմասնակցեն դերասաններ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: «Ծրագիրը մեծ է, այս 5 օրերի ընթացքում կունենանք 22 ներկայացում:

Ծրագիրն ընդգրկում է միջազգային, դեբյուտ եւ Թումանյանի 150-ամայակին նվիրված ներկայացումների շարք: Դեբյուտում, բնականաբար, ընդգրկված կլինեն նաեւ մի շարք շնորհալի երիտասարդների ներկայացումներ»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` հավելելով, որ փառատոնի ընթացքում կլինեն նաեւ stand up ժանրի շոուներ, Վրաստանից 3 ներկայացում` հայերենով, վրացերենով եւ ռուսերենով: «Տարեց տարի այս փառատոնը ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում է ունենում ներկայացումներ, ինչը շատ կարեւոր է դաշտի առողջ մրցակցության ձեւավորման եւ ստեղծագործելու համար: Սա այն հարթակն է, որտեղ հնարավորություն է ստեղծվում վերադառնալու, վերհիշելու եւ սովորելու:

Փառատոնը հնարավորություն է տալիս երիտասարդ դերասաններին ներկայանալու նաեւ միջազգային հարթակներում: Իհարկե, հնարավոր չէ, որ բոլոր 22 ներկայացումներն էլ լիարժեք լինեն, բայց շեշտը միանշանակ դրված է որակի վրա»,-հավելեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը։

Փառատոնի շրջանակում Հայաստան է ժամանել ռուս բեմադրիչ Անտոն Մոզգալյովը, որը հայ հանդիսատեսին կներկայացնի իր «Ֆաուստ. Ծես» մոնոներկայացումը: «Առաջին անգամ եմ այստեղ, ինչի համար շատ ուրախ եմ: Առհասարակ, ցանկացած ներկայացում ինձ համար մեծ իրադարձություն է, իսկ երբ այն բեմադրվում է փառատոնի շրջանակում, կրկնակի տոն է դառնում: Ուզում եմ, որ իմ ներկայացումը հատուկ իրադարձություն դառնա նաեւ հանդիսատեսի համար:

Ես չեմ բեմադրում ներկայցումներ զուտ պրեմիերաներ անելու համար. այն ինքնաբուխ պետք է ծնվի: Սկզբում ծնվում է հերոսը, որն էլ թելադրում է ներկայացման ամբողջ ընթացքը»,- իր աշխատանքն այսպես բնութագրեց հեղինակը` հավելելով, որ անհամբերությամբ է սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանն ու նրանց արձագանքին:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն այս տարի կմեկնարկի 17-րդ անգամ: Փառատոնի բացումը կկայանա այսօր` ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Փառատոնին մասնակցում են 3 մարզային թատրոններ` էջմիածնից, Գորիսից և Աբովյանից։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE