Երկու տարբերակ` երբ դասականը հանդիպում է ջազին. նոր ձեւաչափի համերգ Երեւանում

17:05   3 մայիսի, 2019

Մայիսին 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Երկու տարբերակ. դասականը հանդիպում է ջազին» համերգը, որի նպատակն է ներկայացնել դասական ստեղծագործությունը, այնուհետեւ` նույն գործը` ջազային տարբերակով: Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային եւ Հայկական պետական ջազ նվագախմբերը: Համերգին կհնչեն Չայկովսկու «Շելկունչիկ» եւ Գրիգի «Պեր Գյունտ» ստեղծագործությունները:

«Շատ հետաքրքիր նախագիծ է. այսպիսի ձեւաչափ արտերկրում բազմիցս ներկայացվել է, բայց Հայաստանում` ոչ: Մենք նվագելու ենք դասական երաժշտություն, որից անմիջապես հետո հնչելու է նույն գործի ջազային տարբերակը: Գաղափարն այն է, որ բացատրենք, թե ինչպես միեւնույն ստեղծագործությունը կարող է հնչել տարբեր ոճերում»,-այսօր` մայիսի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, որի մտահաղացմամբ էլ նախագիծը կյանքի է կոչվել:

«Այս ոճը նման է շատ համեղ ուտելիքի, որքան համտեսում ես, նույնքան կախվածություն ես ունենում»,-անդրադառնալով համերգի ձեւաչափին` նշեց Հայկական պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցը, այնուհետեւ հավելեց.

«Անշուշտ արդեն կան նոր գաղափարներ: Դասական ոճից մշակված նմուշներ էլի ունենք: Ցանկացած դասական գործ կարող է այս ձեւաչափի մեջ տեղավորվել: Համերգի ինտրիգը նրանում է, որ այն պետք է ներգրավի թե դասական, թե ջազ երաժշտության սիրահարներին: Իհարկե, կարող է այնպես լինել, որ ջազային ինտերպրիտացիան մոտ չլինի դասականի երկրպագուներին, բայց մրցակցության շեշտադրություն չկա: Որքան ծանոթանում ես նյութին, այնքան ավելի ես հրապուրվում դրանով»:

Վահան Մարտիրոսյանն էլ շեշտեց.

«Սա մի ճանապարհ է, որով քայլում ենք, իսկ, թե ուր մեզ կտանի, ապագան ցույց կտա»:

Խոսելով նվագախմբերի ներկայիս խնդիրների մասին` երկու ղեկավարներն էլ նշեցին` գործեր ու գաղափարներ շատ կան, բայց նվագախմբերն այսօր նյութական, ֆինանսական աջակցության կարիք ունեն:

«Երաժիշտը պետք է հանգիստ զբաղվի երաժշտությամբ` չմտածելով հացի խնդրի մասին: Չնայած` ցանկացած ոլորտի զարգացման նախապայմանն էլ դա է»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE