Հանճարեղ դաշնակահար Իվո Պոգորելիչը ելույթ կունենա Երեւանում

16:13   6 մայիսի, 2019

Մայիսի 13-ին տեղի կունենա հոբելյանական տարվա հաջորդ իրադարձային համերգը. առաջին անգամ Երեւանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը: Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից է: Նրա բացառիկ տաղանդը եւ վիրտուոզությունը, նորարարությունն ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին` դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների շարքում:

Իվո Պոգորելիչը ընդլայնել է երաժշտական մեկնաբանության հորիզոնները` սահմանելով նոր չափանիշներ համաշխարհային դաշնամուրային կատարողական արվեստում: Նրա համերգներն ողջ աշխարհում համարվում են ամենասպասված մշակութային իրադարձությունները միլիոնավոր մարդկանց կողմից, իսկ Իվո Պոգորելիչ աստղը առանձնանում է պատմության մեջ եղած բոլոր մեծագույն դաշնակահարների համաստեղությունից:

Դեռեւս քսանամյա Իվոյին դաշնակահարուհի Մարթա Արգերիխը անվանեց հանճար, ում համերգները հետագայում դարձան կուլտային և սենսացիոն: Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի Տոնհալե, Կոնսերգեբաու նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում՝ ունենալով ունկնդիրների ամենամեծ քանակը: Պոգորելիչը ձայնագրում է բացառապես «Դոյչե Գրամոֆոն» եւ «Սոնի» ընկերությունների համար:

Նա առաջին դասական երաժիշտն էր, ում ձայնագրությունները հեռարձակվեցին տեխնոլոգիապես բարձրակարգ «Իդաջիո» հարթակով: Հայտնի են Պոգորելիչի բարեգործական եւ երիտասարդ երաժիշտներին աջակցելու նախաձեռնությունները, նրա անվան հետ են կապված փառատոներ Գերմանիայում և ԱՄՆ-ում` Նյու Յորքի Քարնեգի Հոլում եւ Մանհեթենում, իսկ Փասադենայում անցկացվող «Իվո Պոգորելիչ» մրցույթը սահմանել է աննախադեպ 100,000 դոլար մրցանակ` ի շահ նորահայտ տաղանդների:

Իվո Պոգորելիչը առաջին դասական երաժիշտն է, ում 1988թ.-ին պատիվ է ընձեռնվել ստանալու ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպանի կոչումը: 2019թ. դաշնակահարի համար հոբելյանական է. նշվում է նրա ծննդյան 60 եւ ստեղծագարծական գործունեության 40-ամյակները: Հոբելյանական շրջագայությանները տեղի են ունենում Եվրոպայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արեւելքում: Ճապոնիայի պետական հեռուստաընկերությունը նկարահանում է լիամետրաժ վավերագրական ֆիլմ` նվիրված արտիստի կյանքին եւ գործունեությանը:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի մենահամերգին կհաջորդի «Գրեմմի» մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի (Parker Quartet) համերգը մայիսի 28-ին:



© NEWS.am STYLE