«Ես հաղթող տեսակ եմ». Սրբուկի առաջին ասուլիսը Թել Ավիվում եւ հայերեն երգի կատարումը՝ «Եվրատեսիլ»-ի լրագրողների առջեւ (վիդեո)

19:08   6 մայիսի, 2019

Սրբուկն իր առաջին եվրատեսիլյան փորձից հիանալի տպավորություններ ունի: «Եվրատեսիլ 2019»-ի հայաստանյան ներկայացուցիչն այս մասին խոստովանել է Թել Ավիվում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:

«Աշխատում ենք, որպեսզի ամեն ինչ մեր պատկերացրածով ստացվի»,-նշել է երգչուհին՝ հավելելով. «Ուրախ եմ, որ իմ կյանքում հնարավորություն եմ ունեցել մասնակցելու տարբեր երաժշտական մրցույթների, որոնց շնորհիվ ավելի պատրաստ եմ ներկայանում «Եվրատեսիլ»-ին»:

Անդրադառնալով Lost Capital-ի, Tokionine-ի եւ Գարիկ Պապոյանի հեղինակած Walking Out  երգի ընտրությանը՝ Սրբուկը նշել է.

«Պարային երգեր շատ եմ սիրում, բայց ուրախ եմ, որ «Եվրատեսիլ»-ին ներկայանալու եմ Walking Out երգով: Դա այն մասին է, որ շատ անգամ սերը սպանում է մեզ եւ մենք ստիպված բարդ որոշումներ ենք կայացնում: Երբ առաջին անգամ լսեցի երգը, այն դեռեւս խոսքեր չուներ: Պարզապես, լսեցի ու հասկացա, որ հենց այս երգով կարող եմ պատմել իմ պատմությունը: Դրա հիման վրա էլ արդեն գրվեցին երգի խոսքերը ու այդպես ծնվեց ամեն ինչ»:

Լրագրողները երգչուհուց հետաքրքրվել են նաեւ, թե ինչպես է ստացվել, որ իր կյանքի ընթացքում մասնակցել է ոչ միայն տեղական մրցույթների, այլեւ ուկրաինական «Ձայնը» նախագծին.

«Ես հաղթող տեսակ եմ, երեւի դա է պատճառը, իսկ մրցույթների մեջ կա պայքար, եւ դա ինձ դուր է գալիս»:

Սրբուկը նաեւ խոստովանել է.«Լարվածություն, իհարկե, կա, բնական է՝ մրցույթի մեջ եմ, բայց նաեւ պարտավորված եմ լավ ելույթ ունենալ, որպեսզի հասնեմ հաջողության»:

Իսկ վերջում լրագրողների խնդրանքով Հայաստանի ներկայացուցիչը հավաքվածների համար կատարել է հայերեն երգ՝ ընտրելով «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունը:

Թել Ավիվում Սրբուկի առաջին փորձը կայացել է այսօր: Երգչուհին ելույթ է ունենալու մայսիսի 16-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ` առաջին համարի ներքո:

Տեսանյութը՝ Wiwibloggs-ի



© NEWS.am STYLE