NEWS.am STYLE-ի հետաքննությունը. արեւային ակնոց ենք ընտրում

22:46   27 հունիսի, 2013

Վերջին տարիներին արեւային ակնոցները շատերի համար անհրաժեշտություն են դարձել: Եթե տարիներ առաջ այն արեւի ուղղակի ճառագայթներից պաշտպանվելու միջոց էր, ապա այսօր արդեն ակնոց կրում են ամբողջ տարին: NEWS.am STYLE-ը որոշեց հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե Երեւանում ինչպիսի ակնոց եւ ինչ գնով կարելի է ձեռք բերել:

Ցավոք, Երեւանում դժվար է գտնել արեւային ակնոցների խանութ, որտեղ յուրաքանչյուր ակնոց հատուկ նշում եւ համապատասխան փաստաթղթեր ունի, որոնք ցույց են տալիս ապրանքի հատկությունները:

Արեւային ակնոց առաջարկող տեղական առեւտրային կետերը կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինում ընդգրկված են տոնավաճառները, մետրոյի հարեւանությամբ եւ գետնանցումներում գտնվող խանութներն ու տաղավարները: Այստեղ կարելի է ակնոց գնել 3.000-7.000 դրամով: Գինը անհավատալիորեն ցածր է թվում: Սակայն հարկավոր է հիշել, որ առեւտրի նման կետերում որակի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:

Երկրորդ խմբում օպտիկայի սրահներն են: Այստեղ արդեն կարելի է գտնել համապատասխան փաստաթղթերով ակնոցներ: Բայց գներն ավելի բարձր են. սկսվում են 15.000-ից՝ հասնելով մինչեւ 150.000 եւ ավելի դրամի: Ամեն ինչ կախված է ապրանքանիշի եւ դիզայնի ընտրությունից: Գնային եւ որակական նման տարբերությունների առկայության պայմաններում, որոշեցինք առանձնացնել առավել կարեւոր չորս գործոն, որոնք պետք է հաշվի առնել արեւային ակնոց գնելիս:

1. Հարկավոր է նախապես որոշել, թե ինչի համար է ձեզ անհրաժեշտ արեւային ակնոցը. տեսողությունը պաշտպանելու համար, թե որպես նորաձեւ աքսեսուար:

2. Եթե տեսողության հետ կապված խնդիրների կամ աչքերի որեւէ հիվանդություն ունեք, արեւային ակնոց ընտրելուց առաջ անպայման խորհրդակցեք ակնաբույժի հետ:

3. Խորհուրդ չի տրվում արեւային ակնոց գնել տաղավարներում կամ տոնավաճառներում, քանի որ առեւտրային նման վայրերում ապրանքի մակնշման մասին խոսք լինել չի կարող:

4. Ուշադիր ուսումնասիրեք ակնոցի մակնշումը: Այնտեղ պետք է նշված լինի, թե ինչ քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ են թափանցում ապակիների միջով եւ արդյոք դրանք ընդունակ են հարմարվել վառ լույսին:

Կարինա Աբրահամյան



© NEWS.am STYLE