«Ոսկե ծիրանն» այս տարի կմեկնարկի հուլիսի 7-ին. հայտնի է կինոփառատոնի փոփոխված լոգոն

16:01   10 մայիսի, 2019

«Ոսկե ծիրան» ամենամյա 16-րդ կիոփառատոնը կմեկնարկի հուլիսի 7-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 14-ը: Այսօր` մայիսի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ փառատոնի կազմը ներկայացրեց այս տարվա «Ոսկե ծիրանի» լոգոն, որը զգալի փոփոխություն էր կրել:

Դիզայներ Վիլյամ Կարապետյանը, թեեւ ներկա չէր ասուլիսին, բայց տեսաձայնային կապի միջոցով մեկնաբանեց դրա կոնցեպտն ու նշանակությունը. «Լոգոն խորհրդանշում է հայերեն «Ծ» տառը, փորձել ենք դրա միջոցով ստանալ նաեւ ծիրանի տեսք, ու նաեւ ցանկացանք այն կապել կինոփառստոնի այլ սիմվոլների հետ»: Փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն էլ շեշտեց` փառատոնի նոր կազմը չի ցանկացել այն վիզուալ մեծ փոփոխությունների ենթարկել, այնպես որ` ծրագրերում եւ կոնցեպտում փոփոխություններն աննշան կլինեն:

Իսկ փոփոխություններից մեկն էլ այսօրվա արտահերթ ասուլիսն էր, որի նպատակը ոչ թե ծրագիրն,այլ լոգոն ներկայացնելն էր, թեեւ լրագրողների խնդրանքով` Հասմիկը որոշ չակերտներ բացեց. «Կունենանք միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ եւ արտամրցութային` ռեգիոնալ համայնապատկեր ծրագիր:

Այս տարի փառատոնի շրջանակում կունենանք նաեւ կրթական ծրագրեր, ընտրել ենք 15 նախագիծ, որոնք 4-օրյա դասընթացների շրջանակում կներկայացվեն: Զարգացման գործըթացին կմասնակցեն հրավիրված մասնագետներ»: Փառատոնի հայտագրումն արդեն մեկնարկել է: Կազմակերպիչների խոսքով` մինչ օրս ստացել են 740 եւ ավելի ֆիլմ, որոնց մի մասը տեղ կգտնեն փառատոնի շրջանակում:

Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյաին` Հասմիկի խոսքով` թե նա, թե փառտոնի մյուս կազմը շարունակում են աշխատել կինոփառատոնի շրջանակում եւ աջակցել իրենց խորհուրդներով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE