Հայաստանին ու հայերին սիրահարված. աշխարհահռչակ դաշնակահար Իվո Պոգորելիչն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում

15:45   13 մայիսի, 2019

Աշխարհահռչակ խորվաթ դաշնակահար Իվո Պոգորելիչը Երեւանում է: Այսօր հայտնի երաժիշտը ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջեւ, սակայն մինչ այդ նա համաձայնել էր հանդիպել լրագրողներին եւ կիսվել իր երեւանյան տպավորություններով:

Պոգորելիչի ցանկությամբ` ասուլիսն ընթացավ Արամ Խաչատրյանի արձանի մոտկայքում:

«Ինչո՞ւ ներսում մնանք, եթե եղանակն այսքան հրաշալի է, իսկ քաղաքը` հիասքանչ»,-պնդեց նա:

«Տրամադրությունս շատ բարձր է, բայց այս պահին ոչ մի կողմնակի բանի վրա չեմ կենտրոնանում. լրջորեն պատրաստվում եմ այսօրվա համերգին»,-իր խոսքն այսպես սկսեց հայտնի դաշնակահարը` բազմիցս փաստելով, որ սիրահարված է Երեւանին եւ հայերին:

«Մարդիկ բարի են, ժպտում են, եւ այդ ամենն ինձ հաճույք է պատճառում: Իհարկե, միշտ էլ իմացել եմ, որ քաղաքը շատ գեղեցիկ է ու հյուրընկալ, իսկ այժմ համոզվեցի, որ այստեղ հրաշալի միջավայր ու մթնոլորտ է տիրում»:

Դաշնակահարն ինքն էլ խոստովանեց՝ ունի տարօրինակություններ: Օրինակ՝ իրեն հաճախ դուր չի գալիս այն, ինչ մեծամասնությանն է դուր գալիս: Հենց այսօրվա արեւոտ եղանակն էլ: Ասում է՝ մինչ շատերն այսպիսի եղանակին կշտապեին ծովափ, ինքը կնախընտրեր նստել մթության մեջ ու ստեղծագործել, պատրաստվել գալիք համերգին:

Իսկ համերգային ծրագրի ու իր ոգեշնչումների մասին Պոգորելիչը կարճ արտահայտվեց.

«Ես միշտ պետք է բարձրացնեմ իմ արժեքները եւս մի քանի սանդղակով, թե չէ ամեն ինչ այնքան հեշտ կլիներ: Կարող էիր ուղղակի մի բան լավ անել ու արժանանալ ծափահարությունների»:

Համերգի ընթացքում հայ կոմպոզիտորների գործերից չեն հնչի, բայց երաժիտն ասում է՝ լավ ծանոթ է հայկական մշակույթին եւ երաժշտությանը, քանի որ Լոնդոնում լինելու տարիներին ծանոթացել է հայ մեծ կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Հարությունյանի հետ։

Հայաստանով ու հայերով տպավորված խորվաթ երաժիշտի առաջին երեւանյան մենահամերգը կկայանա այսօր՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Իվո Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի,Ցյուրիխի Տոնհալե, Կոնսերգեբաու նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տեղերում՝ ունենալով ունկնդիրների ամենամեծ քանակը: Պոգորելիչը ձայնագրում է բացառապես «Դոյչե Գրամոֆոն» եւ «Սոնի» ընկերությունների համար: Նա առաջին դասական երաժիշտն էր, որի ձայնագրությունները հեռարձակվեցին տեխնոլոգիապես բարձրակարգ «Իդաջիո» հարթակով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE