«Եվրատեսիլ 2019»-ի առաջին 10 ֆինալիստները կընտրվեն Թել Ավիվում

11:46   14 մայիսի, 2019

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա այսօր՝ Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում։ 17 մասնակիցներից միայն 10-ը եզրափակչի ուղեգրեր կստանան, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով մրցույթի մամուլի կենտրոնին։

Առաջինը հանդես կգա Կիպրոսի ներկայացուցիչ Տատման։ «Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեի որոշմամբ՝ այս երեկո հանդես կգան Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի եւ Սան Մարինոյի ներկայացուցիչները։

Թել Ավիվից Հայաստանում՝ ժամը 23։00-ից, ուղիղ հեռարձակում կապահովի հանրային հեռուստաընկերոթյունը։ Սակայն հայ հանդիսատեսը չի կարող մասնակցել քվեարկությանը։ Մրցույթի կանոնների համաձայն՝ արդյունքների վրա կարող են ազդել միայն կիսաեզրափակչի մասնակից երկրների բնակիչները, ինչպես նաեւ Իսրայելի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ստուգատեսի երկրպագուները։ Այս երկրների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ անցնում են ավտոմատ կերպով. Իսրայելը՝ որպես նախորդ տարվա մրցույթի հաղթող, մյուսները կազմում են «Եվրատեսիլի» հիմնադիրների «Մեծ հնգյակը»։

Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը ելույթ կունենա մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակչում, «Walking Out» երգով։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE