«Գյանջումյաններ ամեն օր չեն ծնվում. նա պարի քայլող պատմություն էր». Կարեն Գեւորգյանի հուշերը Սուրեն Գյանջումյանի մասին

17:53   14 մայիսի, 2019

«Շատ մտերիմ եմ եղել նրա հետ, նա ինձ համարում էր իր զավակը, ես հիմա շատ խորը ցավ եմ ապրում...»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գեւորգյանը` խոսելով Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանի մասին:

Անվանի պարուսույցը կյանքից հեռացել է այսօր`մայիսի 14-ին՝ 87 տարեկան հասակում, իր տարիների փորձն ու ուրույն հետքը թողնելով պարարվեստի պատմության մեջ: Կարեն Գեւորգյանի խոսքով` Գյանջումյանն ինքը քայլող պատմությունն էր. «Պատանի էի, երբ պարում էի պիոներների եւ դպրոցականների պալատում, նա եւ իմ հայրիկը` Ժողովրդական արտիստ Բորիս Գեւորգյանը, ունեին հրաշալի պարախմբեր. Սուրեն Գյանջումյանինը «Գարուն» անսամբլն էր, իսկ Բորիս Գեւորգյանինը` «Սեւանը»:

Ընդամենը 8 տարեկան եմ եղել, երբ ծանոթացել եմ Սուրեն Գյանջումյանի հետ, իսկ մեծանալով շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել, դարձել ենք գործընկերներ, միասին մեծ ճանապարհ ենք անցել: Նա պարի քայլող պատմություն էր, որը հանդիպել էր պարարվեստի բոլոր մեծերին` Վահրամ Արիստակեսյան, Էդվարդ Մանուկյան, Աննա Դուրինյան... այնքան վաստակաշատ մարդկանց հետ էր առնչվել, որ նա գյանջումյանական մի մեծ դպրոց ստեղծեց: Գյանջումյաններ ամեն օր չեն ծնվում: Նա պարարվեստի ոսկե անունների նախավերջին պարուսույց-մանկավարժն էր»:

Հարցին որն է եղել Գյանջումյանի մեծագույն խորհուրդը, որով կիսվել է նաեւ իր հետ, Կարեն Գեւորգյանը պատասխանեց. «Շատ աշխատասեր էր ու պարուսույցի մեջ ամենից շատ գնահատում էր աշխատասիրությունը: Ասում էր՝ երբ քեզ տեսնում եմ, իմ երիտասարդ տարիներն եմ հիշում: Ասում էր` ես էլ քեզ պես անդադար աշխատում էի մի քանի տեղ ու վազքի մեջ էի: Կարծում էր, որ պարի մարդը նախ պետք է ազնիվ լինի, մարդկանց մեջ ամենից շատ ազնվությունն էր գնահատում: Պնդում էր՝ եթե պարուսույցն ազնիվ չլինի, իր արվեստն էլ ազնիվ չի լինի»:

Իսկ վարպետի հետ վերջին հանդիպումը եղել է մեկ շաբաթ առաջ. «Մեզ մոտ ամբիոնի նիստի էր եկել: Մտավ, ասաց` «Եկել եմ, է, եկել... կարողացել եմ գալ»: Պարտաճանաչությունն իր համար ապրելակերպ էր: Եթե դասը պետք է սկսվեր 11-ին, նա 10:30-ին արդեն պատրաստ էր ներս մտնել: Անգամ, երբ առողջությունն արդեն ծանր էր, պատասխանատվության զգացումը չէր կորել... Խորը վիշտ եմ ապրում այսօր...»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE