NEWS.am STYLE-ի տեսությունը. տեղական զեղչերի առանձնահատկությունը

19:34   28 հունիսի, 2013

Յուրաքանչյուր նոր սեզոնի հետ սկսվում է զեղչերի հաճելի շրջանը: Իրենց արտասահմանյան մասնաճյուղերից 2 շաբաթ ուշացումով մայրաքաղաքի ցանցային խանութները հունիսի 25-ից գարնանային հավաքածուի զեղչեր են հայտարարել: Խանութներն արդեն հինգերորդ տարին ձգտում են կիրառել մարքեթինգի եվրոպական չափանիշները եւ գնորդներին ուրախացնում են սեզոնային զեղչերով:

NEWS.am STYLE-ը գնացել է գնումների, հետեւել որոշ խանութների առեւտրին, այդ պատճառով վստահորեն կարող է մի քանի խորհուրդ տալ սեզոնային զեղչերի վերաբերյալ:

Զեղչեր հայտարարում են՝ մնացած ապրանքը եւ ավարտվող սեզոնի հագուստը վաճառելու համար: Գներն իջնում են, քանի որ հավաքածուից եկամուտ արդեն ստացվել է:

Ամառային զեղչերը սովորաբար մեկնարկում են հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում՝ նպատակ ունենալով մինչեւ արձակուրդների շրջանը վաճառել ապրանքը: Նշենք, որ բազմաթիվ խանութներ ազնիվ են գների իջեցման հարցում եւ զեղչերի սեզոնին կարելի է ապրանքներ ձեռք բերել 30, 50, նույնիսկ 70% իջեցված գներով:

Ներկայում Երեւանում զեղչերը հասնում են մինչեւ 50%-ի: Իհարկե, կարողացանք գտնել նաեւ խանութներ, որտեղ որոշ հագուստներ եւ կոշիկներ կարելի է գնել նաեւ արդեն 70% զեղչով:

Բայց ոչ բոլոր խանութներն են այնքան բարեխիղճ, որքան թվում է առաջին հայացքից: Որոշները երբեմն հատուկ բարձրացնում են ապրանքի գինը, որպեսզի հետո, զեղչերի սեզոնի հանդիսավոր բացման ժամանակ, գնապիտակի վրա գիծ քաշեն եւ նոր՝ 50% զեղչին համապատասխան գին փակցնեն: Նման դեպքերում միշտ հարկավոր է համեմատել ՄԻՆՉԵՎ եւ ՀԵՏՈ ներկայացված գները:

Լինում են նաեւ իրավիճակներ, երբ գնապիտակի վրա մի գին է, դրամարկղի մոտ՝ մեկ այլ, ավելի բարձր: Այդ կերպ վարվում են հատկապես հիպերմարկետները, քանի որ մեծ քանակությամբ ապրանք գնողները հաճախ ուշադրություն չեն դարձնում գնապիտակին եւ կտրոնում նշված ապրանքի արժեքի անհամապատասխանությանը:

Երբեմն պատահում է, որ մեծ զեղչերով ապրանքները խոտան են, կամ էլ այնպիսիք, որոնք վաղուց կորցրել են տեսքն ու որակը: Նման դեպքերում հարկավոր է մանրամասն ուսումնասիրել կարը, գործվածքի ամրությունը եւ գնվող հագուստի գույնը:

Հարկ է նկատել, որ վերը նշված բոլոր դեպքերում խախտվում են սպառողի իրավունքները: Խանութում նման բան հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության միություն:

Գնումներ կատարելուց առաջ նաեւ հարկավոր է որոշել, թե իրականում ինչ է անհրաժեշտ ձեռք բերել, որպեսզի վաստակած գումարը քամուն չտաք:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE