Թուրքիայում կայացած գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող 27-ամյա Անուշ Սահակյանն արժանացել է թագի

13:05   16 մայիսի, 2019

Թուրքիայում մայիսի 13-ին կայացել է Miss 7 Continents միջազգային գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող մոդել՝ 27-ամյա Անուշ Սահակյանն արժանացել է թագի՝ գրավելով 3-րդ պատվավոր հորիզոնականը: Մրցույթի հաղթող է ճանաչվել Ֆինլանդիայի ներկայացուցիչը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում մրցույթի հիմնադիր եւ կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանը նշեց, որ միջոցառումը կայացել է Բոդրում քաղաքում: Մասնակից աղջիկների թիվը հասնում էր 45-ի, նրանք ժամանել էին 30 տարբեր երկրներից:

Մրցույթի մեկնարկը տրվել է մայիսի 5-ին: Աղջիկները հանդիսատեսի եւ ժյուրիի առջեւ ներկայացել են տարբեր փուլերով՝ ցուցադրելով ազգային տարազ, լողազգեստներ, կոկտելային եւ երեկոյան զգեստներ:

Աշոտ Խաչատյանի խոսքով՝ մրցույթին ներկա է եղել նաեւ Բոդրումի քաղաքապետը: Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին բացի 3-րդ տեղի մրցանակից՝ արժանացել է նաեւ «Լավագույն կազմվածք» տիտղոսին:

Հարցին, թե ինչպես են Թուրքիայում ընդունել հայ մոդելին՝ մրցույթի կազմակերպիչը պատասխանեց.

«Ոչ մի քաղաքական խնդիր… Դեռ ավելին՝ ամբողջ դահլիճը՝ հանդիսատեսն ու ժյուրին, հիացած էին Անուշի ելույթով»:

Miss 7 Continents մրցույթն անցկացվում է արդեն 12 տարի:

Ինչ վերաբերում է հայ գեղեցկուհուն՝ նա արդեն Հայաստանի ճանապարհին է: Իր տպավորություններով Անուշը կկիսվի նաեւ NEWS.am STYLE-ի հետ: 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Աշոտ Խաչատրյանը:



© NEWS.am STYLE