Ջուլիա Եղշատյանի 25-ամյակը, հայտնիների մասնակցությամբ ուրախ խնջույքն ու հեքիաթային զգեստը (ֆոտո)

15:05   16 մայիսի, 2019

Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Քեզ հետ, առանց քեզ» հեռուստասերիալում, երեկ՝ մայիսի 14-ին, նշում էր ծննդյան 25-ամյակը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ջուլիան խոստովանեց՝ թեպետ երեկվա հետաքրքիր ու հագեցած օրվանից հետո առավոտյան արթնացել է փոքր-ինչ գլխացավով, բայց ծննդյան խնջույքից ստացած դրական լիցքերը դեռեւս իրեն բարձր տրամադրություն են հաղորդում:

«Բոլորին մաղթում եմ, որ օրը սկսեն այսպես ուրախ եւ հիշելու միայն լավ բաներ ունենան»,-նշեց նա:

Իր ամենակարեւոր օրվա խնջույքի եւ անակնկալների մասին դերասանուհին կիսվել է մեզ հետ.

«Ծննդյանս օրը սկսվել է առաջինը ընտանիքիս անդամների շնորհավորանքով, որից հետո շնորհավորել են նաեւ ընկերներս: Իրականում ես այնքան էլ չեմ սիրում ծննդյանս օրը նշել, բայց քանի որ հոբելյանական ամյակ էր, ընտանիքիս անդամներն ասացին, որ պարտադիր պետք է մեծ շուքով նշել, եւ հիմա շատ ուրախ եմ, որ հենց նրանք ինձ հորդորեցին այդպես նշել օրս, քանի որ այն անմոռանալի անցավ»:

Դերասանուհու ծննդյան խնջույքին ներկա էին, գրեթե, բոլոր հայտնի  գործընկերները:

«Իհարկե, կային մարդիկ, որոնք եւս պետք է ներկա լինեին, պարզապես աշխատանքի բերումով չստացվեց: Գործընկերներիցս եկել էին Բեն Ավետիսյանը, Աղվան Ավետիսյանը, Սարգիս Ավետիսյանը, Արսեն Աղամիրյանը, Մաշ Իսրաելյանը, Գարիկ Սաֆարյանը, Սարգիս Թասչյանը, Կարեն Ասլանյանը, Արման Անտոնյանը, Սարո Հակոբյանը, Լեւոն Բաբաջանյանը, Նորայր Եղյանը եւ այլք: Ընկերներս օրս ուղղակի հեքիաթի են վերածել: Իմ ծննդյան խնջույքին պատահական մարդ չկար, բոլորը իմն էին (ժպտում է)»:

Ջուլիայի տոնն անցել է բարձր տրամադրությամբ՝ երգով, պարով, կատարումներով հանդես են եկել նաեւ Սարգիս Ավետիսյանն ու Մաշ Իսրաելյանը:

Իհարկե, տորթի մոմերը փչելիս Ջուլիան երազանք պահել է, սակայն այդ մասին նախընտրում է չխոսել, որպեսզի այն անպայման կատարվի:

Դերասանուհին, առհասարակ, սիրում է ծննդյան օրը: Հատուկ այդ օրվա համար նա նաեւ ֆոտոշարք է իրականացրել, իսկ խնջույքին ներկայացել է հեքիաթային զգեստով.

«Ծննդյան օրը, կարծես, հեքիաթ լինի, եւ ես նախապատվությունը տվեցի եթերային զգեստին: Ի սկզբանե որոշել էի, որ զգեստս պետք է հենց այդպիսի տեսք ունենա»:

Գեղեցիկ օրվա մյուս մանրամասներն ու հայտնի հյուրերին ներկայացնում ենք Ջուլիայի տրամադրած ֆոտոշարքով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE